Աչոկներ շահել Հայ եկեղեցու արժեքների վրա, համարում եմ ցածրամակարդակ, հետամնաց երևույթ. Մելքումյանը՝ ՀՀԿ-ականներին

Աչոկներ շահել Հայ առաքելական եկեղեցու արժեքների վրա, համարում եմ ցածրամակարդակ, հետամնաց երեւույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նշենք, որ օրինագիծը, որը վերաբերում էր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը, տապալվեց, կողմ էր ընդամենը 28 պատգամավոր:

ՀՀԿ-ական պատգամավորները դա համարեցին սրբապղծություն, սատանայի ու սատանայապաշտների, գոմիկների ու կրոնական փոքրամասնությունների քարոզ:

Մելքումյանն, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին, ասաց. «Մինչ այդ այստեղ քվեարկությունները ցույց տվեցին, որ սա ուղղակի քաղաքական սաբոտաժ է, վերջին փրփուրներն են, երբ ինքնալուծարված խորհրդարանը գնում է, եւ իրենց միանշանակ ցույց տվեցին, որ իրենք ցածր մակարդակի, երկրի ճակատագիրը ձախողած քաղաքական ուժ են»:

«Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց. «ՀՀԿ խմբակցությունից միայն 28 մարդ է ներկա, եթե իրենց ամբողջ խմբակցությունը ներկա լիներ, մենք գուցե բարոյապես հանձնվեինք, բայց խմբակցության 2/3-ը չկա, չեն կարողանում քվորում ապահովել ու վերջին պահին այդ հայրենասիր հորջորջվելը, մյուսներին էլ սրբապղծության մեջ մեղադրելը ուղղակի մերկապարանոց, չհիմնավորված, շոուի համար է սարքած»:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը ձեռնպահ քվեարկեց այդ օրինագծին, «Ելք»-ից միայն Գեւորգ Գորգիսյանն է կողմ քվեարկել: Քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պաշտգամավորների մի մասը ցուցադրաբար լքեց դահլիճը:

Աղբյուր՝ news.am