Աշխարհին սպառնում է պարենային ճգնաժամ․ Մակրոն

Աշխարհին սպառնում է պարենային ճգնաժամ․ Մակրոն

Առաջիկա 12-18 ամիսների ընթացքում աշխարհին սպառնում է խորը պարենային ճգնաժամ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ուկրաինայում պատերազմի պատճառով աշխարհը կկանգնի խորը պարենային ճգնաժամի առաջ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում։

Դա հատկապես նկատելի կլինի այն երկրներում, որոնք չափազանց շատ են կախված Ռուսաստանից։ Դա Մերձավոր Արեւելքն է, եւ Աֆրիկան։

Էմանուել Մակրոն

Ուստիև Եվրոպան պետք է պատրաստ լինի, քանի որ դա մարտահրավեր է թե իր եւ թե իր գործընկերների համար»,- իր նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հավելելով, որ իր համար առաջնահերթը Ֆրանսիայի պարենային անկախության ապահովումը կլինի, եթե առաջիկա ապրիլին ընտրվի Ֆրանսիայի նախագահ։

Մակրոնը նշել է նաև, որ աշխարհը «շրջադարձային կետում» է, եւ Ֆրանսիան կարող է փոխել իրավիճակը։

Ֆրանսիան ավելի ինքնաբավ երկրի վերածելը հիմնական առաջադրանքը կլինի, ասել է Մակրոնը՝ ներկայացնելով իր առաջարկները՝ սկսած Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ արդյունաբերական անկախության մեջ «զանգվածային ներդրումներից» մինչեւ ավելի շատ միջուկային ռեակտորների կառուցում եւ բանակի ուժեղացում:

Մակրոնը նշել է, որ ցանկանում է «եվրոպական մետատիեզերք» կառուցել՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների հետ մրցելու եւ Եվրոպան այդ ճակատում եւս ավելի անկախ դարձնելու համար:

Նրա խոսքով, պետությունը պետք է վերահսկողության տակ առնի էներգետիկայի ոլորտի որոշ ընկերությունների՝ երկրի անկախության ամրապնդման առումով։