Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը այսօրվանից սկսվել է

Այսօր մեկնարկում է պետության կողմից անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը, ինչը նշանակում է, որ անպտղություն ունեցող զույգերը կարող են արդեն հերթագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Գայանե Ավագյանի խոսքով` ծրագրի շրջանակներում բոլոր ծառայությունները պետք է անվճար լինեն։ Պետությունը կիրականացնի 100 զույգի անպտղության պատճառների հետազոտում ու դրանց վերացում, 100 կնոջ արհեստական սերմնավորում և ևս 90 կնոջ՝ 1 անգամ արտամարմնային բեղմնավորում (պետությունը կվճարի արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձի համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը)։

Այսօրվանից սկսած բոլոր պայմաններին համապատասխանող և անպտղություն ունեցող զույգերը կարող են գնալ երևանյան 5 բժշկական կենտրոններից մեկը՝ «Աստղիկ», «Շենգավիթ», «Ֆերտիլիթի», «Մարգարյան», «Արմենիա» և հերթագրվել։

Հիշեցնենք՝ ծրագրում կարող են ընդգրկվել 20-35 տարեկան կանայք, սակայն եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի՝ մինչև 38 տարեկանը լրանալը կարող է օգտվել ծրագրից։