Աննա Հակոբյանը անդրադարձել է Ռուսաստանում իր հնչեցրած հայտնի ելութի քննադատություններին

Կիսվիր ընկերներիդ հետ

Իհարկե, մեր 18 տարեկան տղաները քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն` անդրադառնալով վերջերս Մոսկվայում «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ հանդիպմանը հնչեցրած իր հայտնի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Հակոբյանը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում վերհիշելով 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, ասել էր. «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»: Վարչապետի կնոջ այս հայտարարությունը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ էր հանդիսացել:

Աննա Հակոբյանի խոսքով` կարևոր է, թե ինչից է ծագել ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել, թե որտեղ է դա կարևոր, որտեղ` ոչ: «Այն լսարանը, որի առաջ ես խոսում էի, այն նպատակը, որի համար ես խոսում էի բոլորովին չէր ենթադրում խորանալ և քննարկել հակամարտության ծագման դետալները, դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի «ո’չ» ասեն պատերազմին: Պատերազմին «ո’չ» ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել ոչ պատերազմին, որպեզի ուսումնասիրություններ կատարողներն ու բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում առանց զոհերի (երկու կողմից էլ) կարողանան նստել սեղանի շուրջ և ուսումնասիրեն խնդրի ծագումը և որոշեն, թե ինչպես այն պետք է հանգուցալուծվի»,-հայտարաարեց Հակոբյանը` նշելով, որ այդ ամենը պետք է տեղի ունենա խաղաղության պայմաններում և որ իր կոչը հենց դրան էր ուղղված:

«Ինչ վերաբերում է 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, իհարկե, մեր 18 տարեկան տղաները քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է: Եթե 18 տարեկան երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում չգիտի, թե ի՞նչ պայմաններում` ի՞նչ տեղի կունենա իր հետ, չի կարող հայացքում բան չփոխվել, դա հայտնի բան է: Հայտնի չէ, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչ կլինեն` փախուստի, թե` հերոսության: Իմ ելույթը նրա մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»:

Աղբյուր՝ yerkir.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...