«Անհրաժեշտ է առնվազն պաշտոնից ազատել ՌՈ պետին». Դավիթ Սանասարյան

«Անհրաժեշտ է առնվազն պաշտոնից ազատել ՌՈ պետին». Դավիթ Սանասարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը։

«Վերջին շրջանում բանակում հաճախակի դարձած ցավալի իրադարձություններն ավելի քան մտահոգիչ են։ Իհարկե, հեշտ է խոսել բանակում կատարվածի մասին, դժվար է տվյալ կարգուկանոնն ապահովել։

Իհարկե, շատերը փորձում են ստեղծվածը քաղաքական շահարկումների առիթ դարձնել ու կեղտոտ շահեր սպասարկել։ Բայց քաղաքական շահարկումներից պաշտպանվելուց առավել կարևոր է կատարել քայլեր, որոնց արդյունքում կբացառենք կամ գոնե կնվազեցնենք մեր պաշտպանների կյանքի կորուստները։

Թերևս կան քայլեր, որոնք գոնե կկանխարգելեն նման դեպքերն ու համապատասխան կանոնակարգային հարաբերություններ կստեղծեն։ Շատ բան չեմ կարող գրել հրապարակային, սակայն թվեմ կարևորները՝ ըստ իս։

1. Նախևառաջ, նման դեպքերի աճով պայմանավորված, ակնհայտ է, որ ռազմական ոստիկանությունը, մեղմ ասած, թերանում է, ուստի անհրաժեշտ է առնվազն պաշտոնից ազատել ՌՈ պետին, օպերատիվ գծով տեղակալին, կայազորների պետերին և այլ պաշտոնյաների, իսկ ավելի կոնկրետ՝ պետք է պատասխանատվության ենթարկել հանցավոր անգործության համար։

2. ԱԱԾ-ից պատասխանատվության կանչել զորամասերի համար պատասխանատու պաշտոնյաններին. ակնհայտ է, որ թերանում է «ասոբիստի» ինստիտուտը, որի աշխատանքային պարտականությունը չեմ ցանկանում հրապարակային գրել, թե ինչում է կայանում։

Զորամասերում աշխատանք իրականացնող այս երկու կառույցների ներկայացուցիչները ոչ թե պետք է զբաղվեն միայն հանցագործության բացահայտմանն ուղղված քայլերով (որոնք գրեթե լավ չեն իրականացնում), այլ պարտավոր են տիրապետել օպերատիվ իրավիճակին, թե զորամասերում ինչ մթնոլորտ է տիրում, ով ինչ ազդեցություն ունի զինվորների վրա, սպայական և ենթասպայական կազմի ներկայացուցիչները որքանով են կատարում իրենց պարտականությունները և այլն, ու զեկուցեն ՊՆ պատասխանատուներին՝ հետևություններ անելու, թերությունները վերացնելու և համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

Կարճ ասած՝ պետք է կանխարգելել՝ հետևանքի հետևից գնալու փոխարեն։

Եթե կա այս գիտակցությունն ու ոչինչ չի արվում, ապա սրա անունը հանցավոր անգործություն է ու պատասխանատուներին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ»։