Մամուլ

Անդրանիկ Օզանյան. Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի` պայքարել իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար

Անդրանիկ Օզանյան. Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի` պայքարել իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:

Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։

1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։

Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927 թվականի, օգոստոսի 27-ին Կալիֆորնիայում։ Անդրանիկ Փաշայի հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում», ասել է Հայոց Զորավարը։

Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի։

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանի ամուսնությունները

Անդրանիկն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում։ Առաջին ամուսնությունը անհաջող է եղել։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է 1 օր անց։

1916 թվականին Անդրանիկ Օզանյանը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։

Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ.

-Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։

-Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես…։

Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին։

«Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա, ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով, սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը, վերապահությունը, գուցե թերացումն ու անըմբռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների…

Հասկանալի է, որ տարիքային տարբերությունը, դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը։ Եվ նա դեռ սավառնում էր երկնքում…»։

Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանի հայտնի խոսքերից

– Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

– Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:

– Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:

– Իմ կուսակցությունն իմ ազգն է:

– Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:

– Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից:

– Եթե այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս…անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով:

«Գործս կիսատ մնաց…» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ):

Զորավար Անդրանիկը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկ Օզանյանի սուրը և պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել են Հայաստանի պատմության թանգարանին 2006 թվականին։

«Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հասցեն է՝ Կաշեգործների փող., 231 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։

Կիսվել նյութով