Անդրանիկ Հարությունյանի որդու ատամհատիկն ու ընտրած մասնագիտությունները. ֆոտո

Անդրանիկ Հարությունյանի որդու ատամհատիկն ու ընտրած մասնագիտությունները։

Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու կինը՝ Մերի Հովհաննիսյանը, տոնել են իրենց որդու՝ Գրիշայի ատամհատիկը: Փոքրիկը դեռ 7 ամսական  է, սակայն արդեն ունի իր առաջին ատամիկը: Մերին Tert.am Life-ին է տրամադրել արարողության լուսանկարներն ու պատմել մանրամասները:

«Մեր տղան դեռ 7 ամսական է, բայց արդեն ունի ընդգծված բնավորություն, օրինակ, չի սիրում աղմկոտ տեղեր, իր ճիշտ  ժամին պետք է քնի: Որոշեցի ատամհատիկը տանը կազմակերպել, որպեսզի երբ նա ցանկանա քնել, քնեցնեմ և վերադառնամ հյուրերիս մոտ: Էլենի տարեդարձի խնջույքից փորձ ունեինք, որ 1 ժամից ավելի չմնաց ժամանցի կենտրոնում: Մտավախություն ունեի, որ արարողությունը տանը չկազմակերպելու դեպքում իր ատամհատիկն առանց իրեն ենք նշելու»,- ծիծաղելով ասաց Մերին:

Անդրանիկ Հարությունյան

Փոքրիկը միանգամից 3 մասնագիտություն է ընտրել: Ծնողները նույնիսկ չեն հասցրել հասկանալ, թե առաջինը որ մասնագիտությունն է ընտրել:

«Միանգամից 3 տարբերակ վերցրեց՝ ճարտարապետ, օդաչու և դեղագործ: Մեկը մյուսից շատ տարբեր մասնագիտություններ են, բացի օդաչուից բոլորի հետ համաձայն եմ: Իրականում, ես էլ, Անդոն էլ մտածում ենք, որ երեխային պետք է ազատ թողնել մասնագիտական ընտրության հարցում: Ամեն մարդ պետք է գնա այն ճանապարհով, որն իրեն հոգեհարազատ է, պարզապես օդաչուի մասնագիտությունն ինձ մի փոքր վախեցնում է ռիսկայնության առումով»,- ասաց Մերին:

Դերասանի կինը նշեց, որ տղա երեխան իրենց ընտանիքում շատ սպասված էր: «Մեր առաջնեկն աղջիկ է, Անդոյի եղբայրը ևս 3 աղջիկ ունի, Գրիշան մեր ընտանիքի միակ տղա երեխան է: Կարելի է ասել, նա Աստծո տված երեխա է. ես հղիացա մի փուլում, երբ առողջական նկատառումներից ելնելով ինձ հակացուցված էր երեխա ունենալ, սակայն մենք որոշեցինք, որ եթե Աստված երեխա է տվել մեզ, նա պետք է լույս աշխարհ գա,- ասաց Մերին ու հավելեց, որ տղա երեխայի խնամքն իր առանձնահատկություններ ունի,- Էլենին ավելի թիթիզ ու քնքուշ ենք վերաբերում, տղայի հետ այդքան քնքուշ չենք, որպեսզի որպես տղա մեծանա: Շատ երջանիկ եմ, որ և՛ տղա ունենք, և՛ աղջիկ, յուրաքանչյուր իր «համն» ունի»:

Անդրանիկ Հարությունյան

Մերին նշեց, որ Անդոն չի հասցնում շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, սակայն իրենք ըմբռնմամբ են մոտենում, քանի որ հայրիկի մասնագիտությունը ստիպում է շատ բացակայել տանից:

Աղբյուր՝ tert.am