Այս պահին միջազգային շատ լուրջ ճնշում կա Ադրբեջանի ու Թուրքիայի վրա. Դավիթ Բաբայան

Այս պահին միջազգային շատ լուրջ ճնշում կա Ադրբեջանի ու Թուրքիայի վրա. Դավիթ Բաբայան

1in.am-ը գրում է․ «Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան՝ ղարաբաղյան հարցը քննարկելու: «Մենք կրկին Բաքվում ենք՝ Ադրբեջանին մեր ամուր աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու համար»,- գրել էր նա Թվիթերում:

Չավուշօղլուի այցից առաջ՝ շաբաթվա սկզբին, Ալիևն ասել էր, թե Բաքվի համար ընդունելի է խնդրի կարգավորումը 2+2 ձևաչափով՝ կողմերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ «Սա ընդունելի տարբերակ է մեզ համար, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը մեր հարևան երկրներն են, որոնք սերտ փոխհարաբերություններ ունեն, և երկրներ, որոնք նաև իրար միջև համագործակցության մեծ ներուժ ունեն»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այդ սպառնալիքները մեզ համար նորություն չեն, և այնպես չէ, որ հիմա Ադրբեջանը հանգիստ նստած է։ Այս պահին զգացվում է միջազգային շատ լուրջ ճնշում Թուրքիայի ու Ադրբեջանի վրա։ Մի քիչ էլ սպասենք ու կտեսնենք շատ ավելի կոնկրետ արդյունքներ»։

Դավիթ Բաբայան

Ըստ Բաբայանի՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի կանգնեցվի պատերազմը. «Սա արդեն իսկ հղի է տարածաշրջանային ու գլոբալ բախումներով, և ամեն ինչ տանում է դրան։ Այս ամենի ներքո անհրաժեշտ է դիմել տարբեր քայլերի։ Միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ճնշելու այլ քայլեր են մշակվում։ Մի քիչ սպասենք։ Իսկ վերը նշված հայտարարությունը հերթականն է։

Նրանք երբևիցե չեն հրաժարվել այդ հռետորաբանությունից։ Նրանք շարունակում են ցեղասպան քաղաքականությունը, ու մենք տեսնում ենք, թե ինչպիսի քայլեր են մշակում։ Թուրքիան առհասարակ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մահմեդականների զգացմունքների վրա խաղա, նաև փորձում է սպեկուլյացիաներ անել։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արձագանք է ստացել Մակրոնի ելույթը։

Թեպետ ասեմ, որ «Շառլի Էբդո» ամսագիրը կեղտոտ նյութեր է հրապարակում, վիրավորում ոչ միայն մահմեդականների, այլև քրիստոնյաների զգացմունքները։ Չի բացառվում, որ հենց այդ ամսագրի հետևում կանգնած են Թուրքիան ու նմանատիպ ուժեր։ Այն, ինչ անում է այդ ամսագիրը, միմիայն ծառայում է ծայրահեղականությանը։ Մենք դա պետք է հաշվի առնենք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ ձևով նրանք իրենց քաղաքականությունը չեն վերանայում. «Որևէ նորություն չկա, մենք պետք է կանգնենք մինչև վերջ ու շարունակենք մեր պայքարը։ Այլ տարբերակ չկա։ Ես չեմ կարծում, թե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Դա իսկապես կբերի շատ ծանր հակամարտության՝ նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։

Էրդողան

Եթե Թուրքիան նման ագրեսիվ քաղաքականություն է վարում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորում է Թուրքիային անկախության տարեդարձի կապակցությամբ, դա ի՞նչ է նշանակում. շատ տհաճ հարցեր կան, որոնց պատասխանը մենք գոնե մեզ համար պետք է ժամանակի ընթացքում ունենանք։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք պետք է ավելի սերտ աշխատանք տանենք մեկ-երկու երկրների հետ։

Առաջին հերթին՝ Ռուսաստանի, տարածաշրջանային այլ երկրների, նաև ԱՄՆ-ի հետ։ Այսօր շեշտը պետք է դնենք Ռուսաստանի վրա, որովհետև դա այն երկիրն է, որն ի վիճակի է ռազմաքաղաքական առումով միջամտելու, և այդ երկիրն է, որ լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում