Այս գործելակերպը չեմ հանդուրժելու, 20 ծանրաձողն օր առաջ պիտի լինի. Փաշինյանը բարկացավ Դումանյանի վրա (Տեսանյութ)

Այս գործելակերպը չեմ հանդուրժելու, 20 ծանրաձողն օր առաջ պիտի լինի. Փաշինյանը բարկացավ Դումանյանի վրա (Տեսանյութ)

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում որոշում կայացրեց մեկ անձից գնման եղանակով մարզագույք (ծանրաձողեր) ձեռք բերելու համար գումար հատկացնել:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշելով. «Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերի մարզիկների միջազգային չափորոշիչների համապատասխան մասնագիտացված մարզագույքով մարզումների անցկացման և միջազգային մրցաշարերին լավագույնս նախապատրաստման, ՀՀ ըմբշամարտի հավաքական թիմերի՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է առաջացել:

Անհրաժեշտ ժամանակահատվածում ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար առաջարկվում է պետական բյուջեով նախարարությանը հատկացված գումարներից համապատասխան գումարներ տրամադրել եւ թույլ տալ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերի հրատապ մեկ անձից գնման ձևով»:

Նշենք, որ խնդիրն այն է, որ հավաքական թիմի անդամները մինչև օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապեն նոր մարզագույքով:

Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ՀՀ ըմբշամարտի հավաքականի լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում վերջինիս լրացուցիչ հատկացնել ևս 8,420.0 հազար դրամ:

Ձեռքբերվող ծանրաձողերը անհրաժեշտ են Տոկիո-2021 Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, այսինքն Օլիմպիական խաղերից առնվազն 30 օր առաջ, և նախատեսվում է, որ մատակարարումը կիրականացվի 4-5 օրվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Այստեղ մի քանի հարց է ծագում: Առաջին հարցը ծագել էր, երբ երբ ես հանդիպում էի ծանրամարտի հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ եւ ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով:

Մեր հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 27-ին, այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, եւ եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին: Առաջին հարցս դա է. ինչու է 2 ամիս անց կայացվում այս որոշումը, եւ երբ ծանրաձողերը կլինեն տեղում:

Երկրորդ հարցը, ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող: Հիմա ես որոշման նախագծից իմանում եմ, որ 7 լրակազմ ծանրաձողի մասին է խոսքը: Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ես նման գործելաոճը չեմ հանդուրժելու: Այսինքն եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը: Կառավարությունը, աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերի լուծումները գտնեն: Երկրորդ, ես որքան հասկացա, այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո են գալու հասնեն Հայաստան:

Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողը օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Արագ որոշման նախագիծը վերաձեւակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունեմ եք եւ համապատասխանեցնում եք իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, որ նման իրավիճակ ենք բախվում: Սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փորձեց արդարանալ՝ ասելով, որ հանձնարարականը ստացել են ապրիլի 30-ին, սակայն Փաշինյանը նրան ընդհատեց. «Դուք էնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ, դուք ասում եք երեք օր հետո գրավոր ստացել եք: Ամեն ինչ էդտեղից է սկսվել: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ որ դա հնչում է:

Այսինքն յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է: Եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:

Տեսանյութը ստորև