Այսօր ոստիկանները վնասազերծել են պարսիկին, ով ներխուժել է բանկ, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել մարդկանց

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է: Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...