Մամուլ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին:

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է՝

Որոշում 1․ Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։

Որոշում 2․ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Արցախի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրությունները, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը։

Որոշում 3․Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը՝ նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկմանը ներկայացնել Արցախիի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը։

Որոշում 4․Մինչև Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների ընդունումը Արցախի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, Արցախի Հանրապետության առանձնահատկություններին:

Կիսվեք էջում