Այսօր Երևանում բողոքի ակցիա անցկացվեց Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի դեմ

Այսօր Երևանում բողոքի ակցիա անցկացվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի դեմ, որոնց թույլտվությամբ Խորենացի 13-ում տեղակայված նախկին Լուսավորության նախարարության շենքի պահպանված մասը քանդվում է:

Շենքը գտնվում է «Շիրակ» հյուրանոցի մոտ։

Տասնյակ երիտասարդներ` «Վանդալիզմ» գրառումներով պաստառներով, Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի նշված հասցե։ Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ շենքը մշակութային ժառանգության բավականին հետաքրքիր տարր է ու պետք է պահպանել այն։

Հայկ Մարության

«Հայկ Մարությանն այդ շենքի հետ կապված հստակ շահեր ունի։ Հնարավոր է` դա ձեռնտու է կողքի հյուրանոցին կամ Մարությանի ընկերներից մեկին, ինչ ասես կարելի է ենթադրել», – ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` հայտարարություններն այն մասին, թե շենքի հիմքը թույլ է, քանդելու համար բավարար հիմնավորում չէ։ Սամսոնյանը նշեց, որ քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպելն անիմաստ է, քանի որ շենքն արդեն փաստացի քանդված է։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ շենքը մասնավորեցնելուց հետո նախատեսված չի եղել պահպանել ճակատային հատվածը։

Արթուր Մեսչյան

«Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ armeniasputnik.am