Այսօր դպրոցում տեսա ցրտից կարմրած-կապտած երեխաների և մտածեցի, որ մեր վաղվա օրվա անդրադարձն են…

«Մեր Թավշյան տեղաշարժեց անպարտելի թվացող և ցինիկ կայսրության սառույցը…

Չլինի հանկարծ՝ անտարբերության կամ կարճատեսության պատճառով դարձյալ հնին ձգտենք և վերաձևենք սառույցը՝ հալեցնելու փոխարեն…

Այսօր դպրոցում տեսա ցրտից կարմրած- կապտած երեխաների։ Եվ մտածեցի, որ ծխացող վառարանների դառը մխից դառնորեն արցունքող , բայց պսպղուն նրանց աչքերը և գրիչ բռնելուն անզոր սառած ձեռքերը մեր վաղվա օրվա անդրադարձն են…

Մի փոքրիկ և գողտրիկ համայնք էլ սրանք են՝ սպասումներով, լուսավոր ապագայի նկատմամբ մեծագույն հավատով համակված։

Մենք իրավունք չունե՛նք, պարզապես իրավո՛ւնք չունենք դարձյալ խաբելու, դարձյալ հիասթափեցնելու և այս անգամ վերջնականապես հուսահատության հասցնելու այս չքնաղ ժողովրդին…

Ի՜նչ պատասխան տվեցին կամ պիտի տան այս դիմացո՜ղ, այսքան համակերպվող ու համբերո՜ղ երեխաներին ու նրանց ծնողներին՝ նրանց բաժին հանած ճակատագրերի համար, և ի՜նչ է սպասվում նրանց վաղը…

Միջազգային տնտեսական խուճուճ հարաբերություններ, արտաքին դիվանագիտության կցկտուր և անըմբռնելի քաղաքականություն, երկրի անվտանգության պահպանման ամենօրյա զգաստություն, ռազմական բազում կազմալուծող հարցականներով մշտամնա վիճակ և թշնամական հրահրումների նորանոր, զորօրինակ՝ կարագանդական “ձեռքբերումներ” …

Միայն մեր ժողովրդի հոգեկան մեծ ներուժը, նրա հավատն ու բացառապես լավատեսությունը կարող են հաղթահարել հետհեղափոխական այսքան զգայուն, այսքան բարդ և վտանգավոր ընթացքը։

Նախկին իշխանությունների ժամանակ՝ արժեքների համատարած արատավորման , բարոյալքման, հոգեկան և հոգևոր բոլոր սրբությունների խարդախման , “հասարակ” մարդուն ստորացնելու և աղքատության ծայրահեղ կերպերին համակերպվածության մղելու , “օրենքով ” ագահ լափումի և բազմաթիվ այլ խարդավանքների լաբիրինթոսում հայտնված վարդենիսցին Հեղափոխությունից հետո սպասում է…

Իսկ նրա մեծ սպասումների հետ խաղ անել ՉԱՐԺԵ՛…

Հանկարծ չլինի, որ “ժողովուրդ ” բառը շատ գործածենք՝ մոռանալով նրան ու նրա իրական հոգսերը…և …արդյունքում հեռանանք նրանից։

Չլինի այնպես, որ իշխանատենչության և պաշտոնավարման ախտը փորձենք թաքցնել ” հայրենասիրության” ծածկոցի տակ՝ նմանվելով հներին, որ շա՜տ բիրտ , օտարոտի և եսասիրաբար վարվեցին այս ժողովրդի հետ։

Ծնողի հոգատարությամբ և անձնվիրության աստիճան ներշնչումով պետք է պաշտպանել Հայրենիքի ամեն թիզ հող, 
սեփական սրտի զարկո՛վ պետք է զգալ հայրենակցի յուրաքանչյուր ցավ՝ վեր կանգնելով միջանձնային փոքրոգի վրեժխնդրություններից. պետք է արդարամի՛տ լինել Էրգրի Սոսե մայրիկի չափ…

Եվ , ամենակարևորը, հաճախ պետք է հիշել մեծ կենսափորձ ունեցող սպարապետ և պոետ Գարեգին Նժդեհի խոսքը, թե՝ ” Մեր մայրերի ափի մեջ փնտրե՜ք ազգերի ճակատագիրը…”։
Ասել է, թե Հայրենիքի բախտաբեր երակը հենց մեզանում է, ոչ այլուր…

Հակառակ դեպքում Հեղափոխություն արած, հոգևոր ստրկացումի շղթաները փշրած այս մարդիկ իրենց մեծ ինքնագիտակցությամբ մեզ չեն ների։

Նոր Հայաստանի նոր քաղաքացին վանկարկում է՝ ՎԵՐԱԴԱՐՁՐԵ՛Ք ՄԵԶ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ…»։

Նյութի աղբյուրը Նոնա Վարդանյանի Ֆեյսբուքյան էջ։