Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին ծննդյան օրն է

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ապրիլյան պատերազմում Մարտակերտի պաշտպանական շրջանում հերոսաբար զոհված հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Կապիտանը կդառնար 30 տարեկան։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ Արմենակի ու նրա շատ զինակիցների համար:

Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակման առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր  դասակի հետ:

Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին:

Երբ հասկացավ, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց:

Սակայն զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար մարտում  Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ։

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով եւ ձյուդոյով:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին:

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում: