Այսօր՝ Նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 6500 անձ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի և քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից (1057 կալանավոր և 1835 դատապարտյալ) պատժից միանգամից կազատվի շուրջ 469-ը, իսկ շուրջ 366 անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժաչափը կկրճատվի համապատասխան չափով:

Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին: Օրենքը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրի ֆեյսբուքյան էջում:

Ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկում պահվող 1835 դատապարտյալներից շուրջ 835-ի նկատմամբ կկիրառվի համաներում, որը կկազմի դատապարտյալների շուրջ 45.5%-ը։

Պրոբացիայի շուրջ 3800 շահառուներից շուրջ 2700 անձի նկատմամբ կկիրառվի համաներում՝ ազատելով նրանց պատժից կամ դադարեցնելով նրանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ, պրոբացիայի շահառուների 71%-ի նկատմամբ կկիրառվի համաներում։ Ի տարբերություն այս համաներման՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների մասով նախկին համաներմամբ պատժի կրումից ազատվել է 1212 դատապարտյալ։
Վարույթն իրականացնող մարմնի վարույթում գտնվող գործերով անցնող շուրջ 3000 անձի նկատմամբ կկիրառվի համաներում:
Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող, պրոբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմնում առկա գործերով անցնող ընդհանուր թվով շուրջ 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ այս թիվն աճի միտում ունի։

Սրանք համաներման ծավալին վերաբերող նվազագույն թվերն են, քանի որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք կամ դատապարտյալները կարող են ընթացքում ներկայացնել իրենց նկատմամբ համաներման կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որոնք առկա չեն անձնական գործերում: Օրինակ՝ նման փաստաթղթեր կարող են լինել երեխայի կամ երեխաների ծննդյան վկայականները, պատերազմի մասնակից հանդիսանալու կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ փաստաթղթեր: Այսպիսով, համաներման ծավալները կարող են նախնական հաշվարկներից ավելին լինել: