Այն նսեմացնում է Հայ առաքելական եկեղեցին. ՀՌՀ-ն «Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմի մասին

Այն նսեմացնում է Հայ առաքելական եկեղեցին. ՀՌՀ-ն «Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմի մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Սերիալի բովանդակությունը ակտիվ քննարկվում է նաև համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում։

ՀՌՀ հայտարարության մեջ ասվում է.

«Հանձնաժողովի կողմից արդեն իսկ կազմվել է արձանագրություն՝ ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Վերոնշյալը համապատասխանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետին, այն է՝ նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև՝ Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Հավելենք նաև, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները և անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային։

Հարկ եղած դեպքում Հանձնաժողովը կանդրադառնա նշվածին և կտարածի լրացուցիչ հաղորդագրություն»։

Հիշեցնենք, որ համացանցում լայն քննարկման առարկա է դարձել «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի հատկապես այն դրվագը, որտեղ ֆիլմի դերասաններից մեկի խաչելության տեսարան է: Վերոնշյալը խիստ քննադատել են նաև Հայ առաքելականա եկեղեցու սպասավորները՝ այն համարելով սրբապղծություն: