Այդ լուրը կեղծ է և շինծու, որը կոչված է զրպարտելու եղբորս և ինձ՝ արատավորելով մեր բարի համբավը հանրության աչքին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է և հրաժարվել է դրա դիմաց վճարել: Մարզպետը պնդում է, որ այդ լուրը կեղծ է և շինծու, որը կոչված է զրպարտելու իրեն և իր եղբորը` արատավորելով բարի համբավը հանրության աչքին։

«Այս լուրը իմ, մերձավորներիս և Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի և ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ և ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների։

«Փաստ»-ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաև` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

Իսկ ձեր պատվիրատուներին հիշեցնում եմ ևս մեկ անգամ` ժողովրդի հաղթանակն անկասելի նաև Աբովյանում, և ձեր ծախու հոդվածագրերով և զրպարտող ու սադրիչ «տեխնոլոգիաներով» մեր թիմին ավելի ու ավելի եք մոտիվացնում` մեկընդմիշտ անջրպետելու ձեզ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, որպեսզի վերջնականորեն ձևավորենք ՕՐԵՆՔԻ գերակայություն և նոր կառավարման մշակույթի հարթության մեջ հետագայում բացառենք որևէ ծախու գրչակի կողմից երբևէ հանրային կարծիք ձևավորելու ցանկացած պահանջ ու փորձ ձեր նմանների կողմից»։