ՄամուլՇոու-բիզնես

Այդպես առաջին պլան եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները

Այդպես առաջին պլան եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները: Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նրանում, որ հայաստանյան երգահանների ու երգիչների մեծ մասը ռաբիսի մակարդակից չբարձրացավ, և նրանում, որ շատերը հոգեբանորեն մնացին պալատական աշուղի կարգավիճակում, մեղավոր են ո՛չ թե հենց իրենք՝ արվեստի (մեղա-մեղա) այդ գործիչները, այլ այն իշխանությունը, որը եղել է Հայաստանում վերջին 20 տարում: 

Իսկ այդ իշխանության ներկայացուցիչների «ընկերակցությունը», չմոռանանք, ամենավճարունակ պատվիրատուն էր: Իշխող այդ «դասակարգը», լինելով իր մտածողությամբ թայֆայական, իսկ էսթետիկական ընկալումներով՝ ռաբիս (լայն իմաստով), ձևավորեց «մշակութային արտադրանքի» հանդեպ իր ճաշակին համապատասխան պահանջարկ:

Եվ ձևավորեց դա «նորմալ, շուկայական մեխանիզմներով». իրենց նեղ միջոցառումներին կատարողների կոնկրետ կոնտինգենտի ներկայացուցիչների հրավիրելով, հանրային միջոցառումներին ներգրավելով հիմնականում «իրենց գեղից» (իրենց ճաշակի) կատարողների՝ դրանով իսկ խրախուսելով կոնկրետ ուղղությունները, ստեղծելով համապատասխան որակի մեդիադաշտ (որը տարածում էր ավելի շատ այն, ինչը սիրում էր իշխող վերնախավը), բաշխելով անիմաստ, ժամանակավրեպ կոչումներ և այլն:

Ավետ Բարսեղյան

Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր. հեղինակներն ու կատարողները կա՛մ պետք է այս կամ այն չափով համապատասխանեին ամենավճարունակ պատվիրատուի և վերջինիս ստեղծած մեդիաշուկայի պահանջներին, կա՛մ պետք է հրաժարվեին իրենց գործունեությունում քչից-շատից շոշափելի ֆինանսական հոսքերից ու ստատուսից՝ կրելով դրա բոլոր բացասական հետևանքները:

Բնականաբար, որպես տնտեսվարողներ, նրանք կատարել են ռացիոնալ ընտրություն՝ բավարարել են ամենախոշոր պատվիրատուի պահանջարկը, ինչպես նաև շուկա են հանել այնպիսի արտադրանք, որի տարածումն ու սպառումը երաշխավորվում էր մեդիայի կողմից:

Այդպես, ահա, առաջին պլան եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները: Տրված իրականությունում դա նորմալ է, և իրենց մեղադրել չի կարելի: Եվ ծանր պետք չէ տանել, դա անցողիկ է՝ ինչպես վերնախավերի իշխանությունը»:

Կիսվեք էջում