Ամփոփվեցին «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» ծրագրի արդյունքները

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար» ծրագրի եզրափակիչ խորհրդաժողովը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը» թեմայով:

Հանդիպմանը մասնակցում էին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Բանախոսներն իրենց ելույթներում խիստ կարևորեցին վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ հույս հայտնելով, որ սոցիալական այդ չարիքի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է համատեղ աշխատանքի միջոցով:

Անահիտ Մանասյանը  կարևորեց  ԵԽ-ին Հայաստանին ցուցաբերած աջակցության և Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության համար: «Ծրագրի շրջանակում HELP առցանց ուսուցման համապատասխան դասընթացի ադապտացման արդյունքում երկու փուլով իրականացվել են վերապատրաստումներ դատավորների, դատախազների, քննիչների, նաև փաստաբանների համար:

Մշակվել է քննարկվող հիմնախնդրին առնչվող առկա դասընթաց, որն ընդգրկվել է Ակադեմիայի 2019 թվականի տարեկան ծրագրերում: Նախապատրաստվել է մոդուլի դասավանդման համար նախատեսված ծավալուն ուսումնական նյութ, որը կարող է բացառիկ կարևոր աղբյուր հանդիսանալ ոչ միայն Ակադեմիայի ունկնդիրների, այլև ոլորտի այլ մասնագետների համար»,-նշեց պրոռեկտորը:

Նպատակ ունենալով նախադրյալներ ձևավորել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար՝ խորհրդաժողովի ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների հաջողված պրակտիկան, քննարկվեցին նաև նշյալ ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: