ԱՄՆ-ում տարածվում է մահացու վիրուս, որը «ճագարի Էբոլա» են անվանում

ԱՄՆ-ում տարածվում է մահացու վիրուս, որը «ճագարի Էբոլա» են անվանում

Երկրի հարավարեւմտյան յոթ նահանգներում հազարավոր վայրի եւ տնային ճագարներ մահանում են վարակիչ հիվանդության բռնկումից, գրում է News.am-ը հղում անելով Nat-geo-ին:

Վիրուսը հայտնի է որպես ճագարի RHDV2 հեմոռագիկ տենդ, որը վնասում է այս կենդանիների օրգանները եւ հյուսվածքները, ինչը հանգեցնում է ներքին արյունահոսության եւ մահվան: Հաճախ միակ արտաքին նշանը, որ կենդանիները վարակված են, հայտնվում է միայն նրանց մահից հետո՝ ճագարները հանկարծակի մահանում են, եւ նրանց քթերում արյունոտ արտադրություն է հայտնվում:

«Վիրուսը ոչ մի կապ չունի Էբոլայի տենդի հետ՝ հիվանդություն, որը մարդու եւ կաթնասունների օրգանների անբավարարություն եւ մահ է առաջացնում, սակայն RHDV2-ը ոչնչացնում է ճագարների մարմինները նմանատիպ եղանակով»,- ասել է տեխասցի անասնաբույժ Ամանդա Ջոնսը։

Ապրիլից ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը (USDA) հաստատել է RHDV2-ի դեպքերը Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Նեւադայում, Նյու Մեքսիկոյում, Յուտայում եւ Տեխասում: Վիրուսից տուժել են նաեւ արեւմտյան Մեքսիկայի որոշ շրջաններ:

«Ճագարի Էբոլա»-ի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում՝ 35 տարի առաջ: Միացյալ Նահանգներում RHDV2-ը գրանցվում է պատմության մեջ չորրորդ անգամ, բայց առաջին անգամ հիվանդությունը տարածվում է ոչ միայն տնային ճագարների շրջանում, այլեւ վայրի բնության մեջ:

2018-ին վիրուսը հայտնվել է Օհայո նահանգի տնային ճագարների շրջանում, այնուհետեւ առանձին բռնկում է տեղի ունեցել Վաշինգտոն նահանգում: Փետրվարի վերջին վիրուսից մի քանի րոպեի ընթացքում ավելի քան տասնյակ ճագարներ են մահացել Մանհեթենի Թռչունների եւ էկզոտիկ բժշկության կենտրոնում: Ինչպես նշում են USDA-ում, այս նոր բռնկումը կապված չէ նախորդ երեքի հետ:

«Մենք դեռ չգիտենք, թե որտեղից է եկել այս բռնկումը: Այն աճում է ձնագնդի պես եւ շարժվում է խելագարի պես»,- ասել է Նյու Մեքսիկոյից անասնաբույժ Ռալֆ Զիմերմանը։

Գրեթե 500 կենդանիներ են վարակվել մարտի-հունիս ամիսներին Նյու Մեքսիկոյում։

Անասնաբույժները հայտնում են, որ հիվանդության գաղտնին ժամանակահատվածը ընդամենը երեք օր է: Այդ ընթացքում որոշ ճագարներ կորցնում են ախորժակը եւ էներգիան, թեեւ որոշները նախքան մահանալը չեն դրսեւորում վարակի արտաքին ախտանիշներ:

Ճագարների օրգանները շարքից դուրս են գալիս, եւ արյունը դադարում է ճիշտ շրջանառվել: Հաղորդվում է, որ այն վայրերում, որտեղ գրանցվել է բռնկում, այդ կենդանիների մահացությունը կազմել է 90%:

RHDV2-ը հեշտությամբ տարածվում է արյան, մեզի եւ կեղտի միջոցով: Չնայած վիրուսը չի կարող վարակել մարդկանց կամ այլ կենդանիների, այն կարող է կպչել մազերին, կոշիկներին եւ հագուստին՝ տարածվելով ճագարի տերերի շրջանում: Բացի այդ, միջատները կարող են տարածել վիրուսի մասնիկները:

Ընդ որում, վիրուսին շատ դժվար է ոչնչացնել՝ այն կարող է ավելի քան երեք ամիս ապրել շրջակա միջավայրում սենյակային ջերմաստիճանում եւ նույնիսկ մեկ ժամ դիմակայել 50° C ջերմաստիճանին: Այս պահին հիվանդությունը բուժելի չէ:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ԱՄՆ-ում վիրուսի դեմ արտոնագրված պատվաստանյութ չկա: Այն կարող է ներմուծվել Իսպանիայից եւ Ֆրանսիայից, սակայն հաստատման գործընթացը առնվազն մեկ ամիս է տեւում: