Ամերիկահայ կենսաբան Լյուսի Աբգարյանը հազվադեպ հիվանդության բուժման մեթոդ է ստեղծել
Ամերիկահայ կենսաբան Լյուսի Աբգարյանը հազվադեպ հիվանդության բուժման մեթոդ է ստեղծել
Sputnik Արմենիան գրում է․ Գիտնականի կարծիքով` որոշ գենետիկ հիվանդությունների բուժման համար կարելի է անհատականացված բժշկություն կիրառել` հիվանդ բջիջները հանել օրգանիզմից, «խմբագրել» ու հետ տեղադրել։
Անհատականացված բժշկության օգնությամբ մի քանի տարի անց հնարավոր կլինի հաղթահարել գենետիկական ծանր հիվանդությունները, որոնք այսօր արմատական բուժման չեն ենթարկվում։ Նման նպատակ է դրել ԱՄՆ-ում աշխատող կենսաբան Լուսինե (Լյուսի) Աբգարյանը։
Նա ժամանակին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը («կենսաֆիզիկա» մասնագիտությամբ), այնուհետև՝ Սան Դիեգոյի համալսարանը, որից հետո երկար ժամանակ աշխատել է «Scripps Research» հետազոտական կենտրոնում (որտեղ, ի դեպ, աշխատում է նաև Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը)։
Մի քանի ամիս առաջ Աբգարյանը հիմնել է իր «Grittgene Therapeutics» ընկերությունը, որի շրջանակում աշխատում է միոտոնիկ դիստրոֆիայի բուժման ուղղությամբ։
Այս հազվադեպ ժառանգական հիվանդությունն առաջանում է գեներից մեկի վերարտադրության խափանման պատճառով, ինչի հետևանքով խաթարվում է մկանների աշխատանքը (դրանք չեն կարողանում հանգստանալ լարվածությունից հետո. օրինակ` մարդը դժվարանում է ձեռքը սեղմելուց հետո բացել կամ ներշնչելուց հետո արտաշնչել):
Այս հիվանդության (դրա 2-րդ տիպի) բուժման համար ընկերությունը տեխնոլոգիա է մշակում, որով այս գենետիկ ձախողումը անհատականացված կարգով է խմբագրվում: Դրա համար վիրաբուժական եղանակով հիվանդից վերցվում են մկանային բջիջներ, որոնցից պատրաստվում են ցողունային բջիջները։
Մարդու և այլ կենդանի էակների օրգանիզմում մարմնի սպեցիֆիկ բջիջները (ոսկրային, արյան և այն) ծնվում են ցողունային բջիջներից, այստեղ կկատարվի հակառակը: Այնուհետև այդ ցողունային բջիջներն արդեն շտկված տարբերակով նորից կներմուծվեն օրգանիզմ։ Այժմ այս տեխնոլոգիան ուսումնասիրվում է կմախքի մկանների համար, որոնք կարևոր են մարդու շարժողական գործունեության համար:
Աբգարյանի աշխատանքի մյուս ուղղությունը այդ հիվանդության ակտիվացման բլոկավորումն է։ Որոշ դեպքերում այս գենետիկ արատը կա ԴՆԹ-ի մեջ, բայց մնում է «քնած» վիճակում։ Երբեմն այն «արթնանում» է մարմնի որոշակի սպիտակուցների ազդեցության տակ: Այդ ակտիվացման դեմ Աբգարյանը և նրա կոլեգաները որոնում են ինհիբիտոր մոլեկուլներ։
Այստեղ Աբգարյանը համագործակցում է հայկական ընկերություններից մեկի հետ, որը մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով թեկնածու–մոլեկուլների վիրտուալ (in silico) զննում է իրականացնում:
«Հետագա լաբորատոր փորձարկումները պատրաստվում ենք ինքնուրույն իրականացնել։ Դրա համար անհրաժեշտ հզորություններն ունենք», – ասաց նա։
Այժմ Աբգարյանը քննարկում է հայ գիտնականների հետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը թե՛ կենսաինֆորմատիկայի, թե՛ լաբորատոր հետազոտությունների ուղղությամբ։ Վերջին երկու ամիսներին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ բանակցել են հայկական գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
«Եվ քանի որ ամեն ինչ սկսվում է կրթությունից, պատրաստ եմ դիտարկել ներդրումների հնարավորությունը, որպեսզի երիտասարդ գիտնականներ պատրաստեմ մեր նախագծերի համար», – ասաց նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում