Մամուլ

Ամեն օր գրկում եմ շորերը, փորձում եմ կարոտս մի քիչ առնել

Ամեն օր գրկում եմ շորերը, փորձում եմ կարոտս մի քիչ առնել

«Արցախից ինձ հետ բերել եմ Գոռիս շորերը, մեր նկարներն ու հոգումս ամբարած մեր կիսատ մնացած սիրո պատմությունը․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 21-ամյա կին-աղջնակը՝ Անին, ով ընդամենը հինգ ամիս հասցրեց վայելել իր այդքան փափագած սերը։

«Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրը առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցերով՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` կարող է գալիս է, դրա համար է հարցնում։

Պատերազմը սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից»,-մտքերը մի կերպ ի մի է բերում Անին։

ani gor

Անին ու Գոռը սովորում էին զուգահեռ դասարաններում։ «Այնքան համեստ էր, որ մինչև 9-րդ դասարան չէի ճանաչում նրան։ 9-րդ դասարանցիներին տարան հրաձգության, այնտեղ էլ ծանոթացանք, զգում էի, որ ինձ այլ կերպ է վերաբերվում, դասագրքերս ինքն էր բերում, ամեն օր դպրոցից տուն էր ճանապարհում, կողքի շենքի մոտ կանգնում ու նայում էր այնքան, մինչև բարձրանամ տուն։

Անգամ երբ փորձում էի դպրոցից շուտ դուրս գալ, որ չհանդիպեմ, դասարանի դիմաց կանգնած էր լինում»,- ասում է Անին, ում համար լուսավոր են իրենց սիրո պատմության բոլոր կետերը։

«Ամուսնության օրն ականջիս շշուկով ասաց. «Դու իմ ամենամեծ նպատակն էիր, ես հասա իմ նպատակին ու էլ քեզ բաց չեմ թողնելու»»,- հիշում է Անին՝ հոգոց հանելով.

կարծում է` շատ երջանիկ էին, երևի դրա համար էլ կիսատ մնաց․․․ Անին ու Գոռը քաղաքի ամենաերջանիկ զույգերից մեկն էին, ովքեր շատ նպատակներ ունեին, ուզում էին շրջագայել, սեփական մարզասրահն ունենալ, քանի որ երկուսն էլ շատ էին սիրում սպորտը։

Իսկ հիմա ․․․ հիմա Անին ապրում է Գոռի ծնողների վարձակալած տանը՝ 11 հոգով․․․ ասում է, որ ուզում է բոլորն իմանան իրենց սիրո պատմությունը․․. պատմություն, որ այդպես էլ անավարտ մնաց․․․

gor ani

«Երևի Աստծո կամքն էր․․․ Երևի մեր սերը շատ մաքուր էր այս աշխարհի համար, հիմա սերս երկնքում է, ապրում է այնտեղ։ Զգացածս չափման միավոր չունի։ Օրերս անցնում և մթնում են Եռաբլուրի ճանապարհին։

Ամեն օր գրկում եմ շորերը, փորձում եմ կարոտս մի քիչ առնել, հիշում եմ սիրահարված աչքերը, հայացքը, շնչում եմ մեր ամենաերջանիկ օրերի հիշողություններով ու հույսով, որ մի օր նորից հանդիպելու ենք»,- եզրափակեց Անին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով