«Ամեն ցերեկ սպասում եմ, որ ներս կմտնի». լրացավ զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան մեկ տարին

Նախորդ տարվա մարտի 28-ին Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, Գինեսի ռեկորդակիր, հրազդանցի Արտակ Ռաֆայելյանի մահվան առաջին տարելիցի օրը նրա հայրական տունը բազմամարդ էր: Նրա հիշատակը հարգելու էին եկել բարեկամներ, գյուղացիներ, ընկերներ: Դեպքից մեկ տարի է անցել, բայց Արտակի հարազատները դժվարությամբ են հավատում տեղի ունեցածին.

NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Արտակի մայրը՝ Դիաննան․ «Մեկ տարի առաջ այս օրն իմ սիրտն ահավոր տագնապով ու անհանգստությամբ էր լցված: Էդ օրը մի ուրիշ ձեւի էի սպասում Արտակի զանգին: Միշտ էլ սպասել եմ, բայց մարտի 28-ի օրը սիրտս տեղից դուրս էր գալիս…Հետո մեր տուն մարդիկ եկան ու հայտնեցին բոթը, բայց ես չէի հավատում, չէի ուզում հավատալ, մինչեւ որ տղայիս բերեցին: Էսօր էնքան բան եմ ուզում պատմել Արտակի մասին, բայց չեմ կարողանում: Ես շատ մեծ, թանկ բան եմ կորցրել:

Արտակն իմ աշխարհն էր, իմ կյանքը, ես կորցրեցի իմ աշխարհը: Նա իմ հենարանն էր, իմ հույսը: Բոլորը գիտեին, որ Արտակին մի ուրիշ ձեւ էի սիրում: Բարեկամներս ասում էին, Ժորան կնեղանա, Արտակին շատ ես ուշադրություն դարձնում, բայց Արտակն իրոք, իմ շունչն էր, իմ գոյությունը: Ես այսօր ուղղակի շնչում եմ, որ տղայիս անունը բարձր պահեմ: Կենդանի ժամանակ չէր սիրում, որ իրեն գովում էի: Ասում էր. «Մամ, դու թիթիզ ես, ինձ էդքան մի գովա, ես ինչ եմ արել որ»: Ես երազում եմ մի բան…բալիս հետ բերեմ: Ամեն ցերեկ սպասում եմ որ ներս կմտնի, ինձ թվում է, որ դրսում է ու հեսա կգա, բայց հենց մթնումա, նոր հասկանում եմ, որ էսօր էլ չի գա: Ես չեմ դադարում սպասելուց ու թերթում եմ օրերը հերթով:

Նյութի աղբյուրը՝ news.am

Կիսվիր ընկերներիդ հետ