Ամենակատարյալ Սահմանադրությունը կվերածվի արժեք չունեցող փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի. ՀՀ նախագահ

Ամենակատարյալ Սահմանադրությունը կվերածվի արժեք չունեցող փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս պետական կարեւորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի եւ օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը:

Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ սոցիալական պետության համակարգի ձեւավորման, կայացման ու զարգացման կարեւորագույն նախապայմանն է:

Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարեւորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական եւ հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով եւ վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաեւ փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության եւ պետականության, այլեւ՝ մեր անցյալի, ներկայի եւ ապագայի հանդեպ, մեր եւ մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ:

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջեւ: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաեւ՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով եւ մեր մտածելակերպով:

Ընդ որում, կարեւոր է ոչ միայն եւ ոչ այնքան սահմանադրական դրույթների ֆորմալ ձեւակերպումը, այլ նաեւ առաջնահերթ՝ սահմանադրական մշակույթի, սահմանադրական մտածողության ձեւավորումը, Սահմանադրության ազնիվ եւ տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: Նույնիսկ ամենակատարյալ ձեւակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի:

Սահմանադրությունը նաեւ ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող եւ զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա եւ բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն եւ շարունակական զարգացմանը:

Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն եւ հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ եւ հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»: