Ամաչում եմ տրանսպորտ նստել, աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս

Ամաչում եմ տրանսպորտ նստել, աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս: Ամեն օր առավոտյան սթրես եմ ապրում նայելով, թե մայրաքաղաքի բնակիչները ինչպես են երթևեկում հասարակական տրանսպորտով:

Շուրջ երեսուն հոգի կանգառում սպասում են, որ մոտեցող երթուղայինում գոնե մի ասեղ գցելու տեղ լինի, մի կերպ խցկվեն ու ճմրթվելով հասնեն աշխատատեղ կամ դասի:

Ժամանակավորապես շախմատի ձիու կեցվածք ընդունելով սեղմվում են դիմացի կանգնածին, այդ մեկը՝ հաջորդին… ու այդպես շարունակ․․․ Տրանսպորտը, որը գալիս է, ու, թվում է, թե այլևս խցկվելու տեղ չկա, հրաշքի պես մեծացնում է տարողունակությունը և, արի ու տես, որ ևս երեք հոգու հոջողվում է խցկվել-հարմարվել: Ի՞նչ անեն՝ ստիպված են, ուշանում են:

Չգիտես ինչու, հասարակական տրանսպորտից օգտվողների գերակշիռ մասը կանայք ու աղջիկներ են․ տղամարդիկ, անհասկանալի տրամաբանությամբ, կամ մեքենաների ղեկին են կամ տաքսիների մեջ։

Ու, հակառակի պես, տրանսպորտից օգտվող հատուկ կենտ տղամարդկանց մեջ հաճախ են հանդիպում անբավարարվածները։ Սրանց դուր է գալիս սեղմված-հպված կեցվածքը, ու հարմար առիթը բաց չեն թողնում:

Ուշադիր՝ չպետք է հանգել նոր, տպավորչ զգեստդ, որը կարող է մեկի աչքը շոյել ու անախորժություն առաջացնել: Չպետք է հագնել նոր կամ խնամված կոշիկներ, որովհետև, միևնույն է` տրանսպորտում դրանք մի քանի անգամ տրորվելու են: Աշխատատեղ հասնելուց զգալի ժամանակ է պետք՝ ուշքի գալու, տեսքդ կարգավորելու համար:

Դե՝ բաց պատուհաններից անգթորեն թափանցող արևն էլ այնքան ուժեղ է տաքացնում, որ ուղևորները քրտնխաշ են լինում։ Ու թե պատահական մի նստատեղ էլ ազատ լինի՝ կգերադասես չնստել այրող «աթոռին»։

Ասեմ, որ նամակով դիմել եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ առաջարկելով, որ տրանսպորտային միջոցներում վարագույներ կախվեն՝ կանխելու համար «արևայրուքների» դեպքերը։

Անկեղծ լինեմ՝ ամաչում եմ առավոտյան ու երեկոյան տրանսպորտ նստել․ աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս։ Հնարավոր չէ՞ ավելացնել երթուղիների թիվը, գոնե, առավոտյան պիկ ժամերին տրանսպորտային միջոցների քանակն ավելացնել կամ երթուղային տաքսիների փոխարեն ավտոբուսներ շահագործել։ Թեև՝ եղած փոքրիկ ավտոբուսներում էլ պատկերը, գրեթե, նույնն է։

Աղբյուր՝ ladynews.am