Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանին. «Ժողովուրդ»

Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել եւ պարզել, թե մինչ իրավապահներին դիմելը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված, նրա ընտանիքի հետ մտերիմ Արշավիր Սարգսյանը ինչ պատմություն է «սարքել» Հովսեփյանների գլխին, որին խառնված է եղել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը :

Արդյունքում, պարզեցինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:

Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ընկերության, ինչպես նաեւ Աղվան Հովսեփանի որդու՝ Միսակ Հովսեփյանի միջեւ գումարային պարտք ու պահանջի հարց է առաջացել: Բանն այն է, որ 2017 թվականի մայիսի 17-ին Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին իրեն վճարի 20 միլիոն դրամ մատակարարված ապրանքների գումարը:

Ի դեպ, գումարի վճարման պահանջով անձամբ դատարան է դիմում Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, քանի որ պարզել է, որ պատգամավոր Բագրատյանի ընկերությունը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել՝ պարտքեր կուտակելով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ Աղվան Հովսեփյանի որդին բացահայտել է իրականությունը:

Բանն այն է, որ Սերգեյ Բագրատյանի ընկերությունը Հովսեփյանների ընտանիքին ցույց է տվել հավաստի փաստաթուղթ՝ վճարման կտրոնը, որ ինքը գումարը վճարել է, եւ նույնը պնդել է նաեւ դատարանում։ Ստացվում է, որ գումարը վճարվել է, բայց այն չի հասել Աղվան Հովսեփյանի որդուն, ավելին՝ նրանից գաղտնի է պահվել:

Հովսեփյանների ընտանիքը, հասկանալով, որ հայտնվել է անհարմար դրության մեջ, ստիպված է լինում չներկայանալ դատարան, ու գործը մնում է առանց քննության: Ի՞նչ է ստացվում. Սերգեյ Բագրատյանն իր պարտավորությունը կատարել է, պարտքերը մարել է, սական նախկին դատախազի որդուն գումար չի հասել:

Եթե իրավաբանորեն ձեւակերպենք, ստացվում է՝ Հովսեփյանների գործընկեր Արշավիր Սարգսյանը հափշտակություն է արել, ինչը իրավապահները քննության առարկա պետք է դարձնեն: Հավելենք, որ երեկ, դատարանի որոշմամբ, Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում