«Աղոթենք Հայաստանի համար»․ Քիմ Քարդաշյանի անդրադարձը

«Աղոթենք Հայաստանի համար»․ Քիմ Քարդաշյանի անդրադարձը

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Քիմը կիսվել է իր ընկերներից մեկի գրառումով և հավելել՝ «Աղոթենք Հայաստանի համար»։

«Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին եւ գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին եւ ընկերներին:

Թողնում եք ամենը ինչ ստեղծել եք եւ ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը:

Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է:

Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ: