Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Բաց նամակ ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացի Սուսաննա Առաքելյանից:

«Սարսափով տեղեկացա, որ Ձեր կողմից հռչակված Նոր Հայաստանում հայերին զրկում են մուտքի իրավունքից։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ Յուրիկ Անդրանիկի Հովհաննիսյանը՝ Ղազախստանի քաղաքացի։

1998թ.-ից ապրում ենք Ղազախստանում ամուսնուս և որդիներիս հետ։ Ես, իմիջիայլոց, Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական համայնքի փոխտնօրենն եմ և Ղազախստանի հանրապետության բոլոր մարզերի հայոց լեզու ուսուցանող ուսուցիչների մեթոդիստը, միաժամանակ դասավանդում եմ Պավլոդար քաղաքի Ազգային Վերածննդի դպրոցում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն, նպաստելով հայապահպանության գործին սփյուռքում, որի համար բազմիցս արժանացել եմ տարբեր խրախուսական պատվոգրերի։ Ավագ որդիս՝ Անդրանիկ Յուրիկի Հովհաննիսյանը 2011թ.-ից ապրում և սովորում է Հայաստանում։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր Օրբելի կենտրոնում՝ որպես փորձագետ։ Հայ-ռուսական համալսարանի և Օրբելի կենտրոնի կողմից մեկ շաբաթ առաջ գործուղվել էր Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի պետություններին նվիրված միջազգային գիտաժողովին։ Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում որդուս արգելել են մուտք գործել ՀՀ՝ առանց որևէ բացատրության։

12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսել են Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկացնեմ, որ որդիս շատ հայրենասեր է ու պատրաստ է իր ողջ իմացությամբ օգնել Հայաստանին ու Արցախին։

Եզրակացությունը կարող է մեկը լինել. կներեք արտահայտությանս, բայց կարծեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Ադրբեջանից բացի, հայտնվել է ևս մեկ երկիր՝ Նոր Հայաստանը, որն արգելում է հայրենասեր հայերի մուտքը Հայաստան։

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ»: