Ալիևի ճակատագրական վրիպումը

Ալիևի ճակատագրական վրիպումը

lragir.am-ը գրում է․ «Տավուշյան իրադարձությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 23-ի ելույթն ու դրանում արձանագրված 7 կետերը թերեւս հիմք են տալիս խոսել այն մասին, որ շրջվում է արցախյան խաղաղ գործընթաց ասվածի մի մեծ շրջափուլ: Շատերն են այս օրերին փորձում գնահատել եւ հարց տալ, թե ինչու՞ Տավուշում, ինչու՞ հիմա, Ադրբեջանն ինչու՞ գնաց սադրանքի: Փնտրվում են ամենատարբեր բացատրություններ ու վարկածներ, պատճառներ ու մոտիվներ:

Լոկալ իմաստով հնարավոր է ամենատարբեր պատճառախումբ, սական Տավուշում ծավալվածը խորքային գործընթացի արտացոլում է, որի հիմքում ադրբեջանական պետության եւ ժողովրդի ճգնաժամն է: Այդ ճգնաժամի հիմքում Իլհամ Ալիեւի ճակատագրական վրիպումն է՝ այդ ինքնությունը կառուցել հայերի հանդեպ ատելության, «ռազմական հաղթանակի սպասման», հայկական պետականության «կազմալուծման» գաղափարախոսության վրա:

Ըստ այդմ, Ալիեւը իր համար նկատելի, թե աննկատ, այդուհանդերձ ԽՍՀՄ-ից հետո միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի կարգավիճակ ստացած Ադրբեջանը քայլ առ քայլ մղում էր կամ-կամ-ի փակուղային դիլեմային ընդառաջ՝ կամ պետք է գոյություն չունենա հայկական պետականությունը եւ փլուզվի արցախյան հաղթանակն իր աշխարհքաղաքական տրամաբանությամբ հանդերձ, կամ պետք է ճգնաժամի եւ փլուզման ցիկլի մեջ հայտնվի Ադրբեջանն իր հետխորհրդային տեսքով:

Այլ կերպ ասած, Ադրբեջանի նախագահը իր պետության եւ ժողովրդի «ինքնությունը» փորձում էր կառուցել ոչ միայն լոկ հայկական հետխորհրդային սուբյեկտության փլուզման, այլ փաստացի աշխարհքաղաքական փլուզման տրամաբանության վրա: Այդ իմաստով կասկածից վեր էր, որ Ալիեւը ավելի արագ եւ շուտ մոտենալու էր ճգնաժամին, քան Ադրբեջանն ու ադրբեջանցիներին էր մոտեցնելու որեւէ ինքնության:

Խորքային խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահը ժառանգելով իշխանությունը հորից եւ սկսելով վերը նկարագրված ընթացքը, փակուղի եւ ճգնաժամ էր գնում ոչ միայն ինքն ու տանում Ադրբեջանը, այլ իր հետ տանում նաեւ այն կոնսենսուսի կողմերին, որի վրա կառուցվել էր մեծ հաշվով պատմություն չունեցող հետխորհրդային Ադրբեջանը: Գործնականում, Ադրբեջանի պատմական հիմքին ԽՍՀՄ փլուզումից հետո փոխարինեց  այդ պետության հետպատերազմական կայունության հարցում Ռուսաստան, Իրան, Թուրքիա կոնսենսուսը:

2016 թվականի ապրիլյան քառօրյայում Ալիեւի գլխավոր ձախողումն այն էր, որ չկարողանալով հաղթել հայկական բանակին՝ կողմերի միջեւ ռազմա-քաղաքական բալանսի խախտվածության իր համար թերեւս ամենապատեհ կետում, նա փաստացի ակամա հարված հասցրեց հենց այդ կոնսենսուսին: Հատկանշական է, որ դրանից հետո Բաքվում նոր թափ ու ընթացք ստացավ ներիշխանական դիմակայությունն ու պայքարը, միաժամանակ տեղի ունեցան մի շարք աղմկոտ զարգացումներ այլ քաղաքներում, կարեւոր ենթակառուցվածքների տարօրինակ վթարների տեսքով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում