Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն կքննարկի Ղարաբաղում խաղաղության ապահովման առաջարկները պատերազմից հետո

Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն կքննարկի Ղարաբաղում խաղաղության ապահովման առաջարկները պատերազմից հետո

Ադրբեջանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում խաղաղության ապահովման ջանքերի մասին միջազգային առաջարկները հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Միանգամայն պարզ է, որ հակամարտության ավարտից հետո պետք է որոշակի միջազգային ջանքեր գործադրվեն խաղաղության ապահովման համար։ Թե ինչպիսին կլինեն դրանք՝ քաղաքական, թե ռազմական ոլորտում առաջարկներ, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Բնականաբար, այդ հարցը պետք է քննարկվի միջազգային հարթությունում։ Բայց թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել»,- նշել է նա։

Իլհամ Ալիև

Ալիևը ռազմաքաղաքական ճանապարհն ամենաընդունելին է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

«Մենք այժմ գտնվում ենք խնդրի ռազմական լուծման գործընթացում։ Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի և դրանից հետո սկսվի դիվանագիտական գործընթացը։ Միայն ռազմական ճանապարհով այն չի կարող լուծվել։ Ակտիվ բախումներից հետո կողմերը պետք է մտածեն խաղաղ համաձայնության մասին, և դա տեղի կունենա քաղաքական ճանապարհով։

Դրա համար էլ ռազմաքաղաքական ճանապարհն ամենաընդունելին է»,- ասել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է նաև, որ իր երկրում Թուրքիայի ռազմաբազա ստեղծելու մասին որևէ քննարկում չի եղել։

«Մենք Թուրքիայի հետ շատ լայն նորմատիվ-իրավական բազա ունենք։ Մենք պայմանագրեր ունենք բազմաթիվ ոլորտներում, որտեղ կան նաև ռազմական ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության կետեր։ Դա մեր իրավունքն է։ Թուրքիան մեր դաշնակիցն է, և Ադրբեջանի համար լուրջ վտանգի դեպքում մենք կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները։ Սակայն Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծման մասին որևէ քննարկում չի եղել»,- ասել է նա։