Ալեն Սիմոնյանի նոր նախաձեռնությունը. վիրավորելու համար 5 մլն դրամ, զրպարտության համար 10 մլն դրամ փոխհատուցում

Ալեն Սիմոնյանի նոր նախաձեռնությունը. վիրավորելու համար 5 մլն դրամ, զրպարտության համար 10 մլն դրամ փոխհատուցում

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ,  որտեղ առաջարկում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Խոսքը մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում փոփոխություններ կատարելու մասին է:

Հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

• Հրապարակայնորեն ներողություն խնդրել:

• Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:

• Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

• Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նախագծի հիմնավորումներում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներից մեկին, ըստ որի քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես եւ քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք:

Եւ որպես հիմնավորում նշվում է այն, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները:

«Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձրագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ, եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասված է նախագծում:

Ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որեւէ անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, եւ եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից:

Նշվում է նաեւ, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Ըստ նախագծի հեղինակի` ներկայում բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, բացառություն չէ  նաեւ անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը:

Ըստ հիմնավորման` լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ ու ունի առեւտրային ուղղվածություն:

Նախագծի համաձայն` առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլեւ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար: