Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին

Ալեն Սիմոնյանը` նոր ավտոմեքենա գնելու մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ԱԺ նախագահին առնչվող վերջին ժամանակներում հանրային լայն քննարկումների արժանացած թեմաների։

Ի թիվս այլ հարցերի՝ հեռուստամեկնաբան Ժիրայր Ոսկանյանն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենայից՝ մասնավորապես ճշտելով, թե ինչո՞վ էր պայմանավորված Կառավարության կողմից նման խոշոր գնում անելու հրատապությունը։ 

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշել է, որ հարցի մեջ մի քանի սխալ կար։ Կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն եւ իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։ Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ  մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։

«Եւ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է եւ ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատեւ օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։ Շարունակելով թեման՝ օրենսդիր մարմնի նախագահն ասել է, որ Հայաստանում առկա ներկայացուցչական դասի մեքենա գնելու որոշում է կայացվել:

«Ինչու՞ ներկայացուցչական  դասի, որովհետեւ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, եւ մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ  Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եւ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դրամ։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանի ճշտող հարցին, թե կարելի՞ է հետեւություն անել, որ աղմուկը մեծամասամբ ուռճացված է եւ ուղղորդված՝ բանախոսը պատասխանել է. «Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան եւ ազգանվան հետ, որը այցելություններ է ապահովում։ Եվ դրա օրինակները շատ են։

Օրինակ, այսօր բավականին հեղինակավոր մի կայք նյութ է տեղադրել, որտեղ գրել է՝ «Ալեն Սիմոնյանի օրենքը եւ այլն եւ այլն․․․»։ Տեսանյութը կա, որտեղ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչ-որ հայտարարություն է անում: Նայում եմ տեսանյութը, այդ պատգամավորն իմ անունը չի տալիս: Նայում եմ ներկայացվող օրենքի նախագիծն իմ հետ ընդհանրապես կապ չունի: Զանգում հարցնում ենք՝ այս ինչու՞ եք այդպես արել, ասում են՝ վայ, շփոթել ենք։ Բայց արդեն դիտումներն ապահովել են։

Նաեւ շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչու՞ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարությանն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։

Կրկնեմ՝ Կառավարությունը գումար չի հատկացրել, եւ սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։

Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավել տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, եւ այդ փոփոխություների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում