ԱԻՆ-ում քննարկվեց Հայաստանում հրթիռային հակակարկտային համակարգի ներդրումը

Կիսվիր ընկերներիդ հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունը մեկնարկել են հակակարկտային համակարգի արդիականացման և կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ներդրման գործընթացը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի ներկայացուցիչներին: ՀՀ ԱԻ նախարարության պատվերով կենտրոնն իրականացրել է երկրի կարկտավտանգ տարածքների ուսումնասիրություն, որի հիման վրա էլ ներկայացվել են հակակարկտային համակարգի արդիականացման մեխանիզմն ուի հնարավորությունները:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի տարածքում ավտոմատ հրթիռային տեխնոլոգիաների կիրառումը՝ կարկտահարությունից գյուղատնտեսկան կուլտուրաների վնասը մեղմելու համար:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը և շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի կոմերցիոն տնօրեն Ալի Աբշաևը ներկայացրեց առաջարկվող նոր տեխնոլոգիաների ընդհանուր բնութագիրը, պաշտպանվող տարածքներում կիրառման ձևերը:

Ըստ նախնական հաշվարկների՝ միջինում բերքի 5-6 % վնասվում է կարկտաբեր ամպերից: Հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները հավաքագրված են առաջատար և ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս 80-90 % կրճատել կարկտից բերքի վնասի չափերը: Այդ գործընթացում առաջնային նշանակություն ունեն նաև արդիականացված ռադիոլոկացիոն կայանները, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ օգտագործել հակակարկտային կայաններն ու ավիացիայի միջոցները:

«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում (1մլն 134 հազար հա), նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները, կազմել անհրաժեշտ կայանների տեղադրման քարտեզը:
Նոր հակակարկտային համակարգը հնարավորինս կրճատել է մարդկային գործոնը, համակարգի անխափան աշխատանքը իրականացվում է ղեկավարման և վերահսկման միասնական կենտրոնից:

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Ա. Աբշաևը նշեց, որ հրթիռը որևէ պայթուցիկ, վտանգավոր նյութ չի պարունակում, այն վտանգ չի ներկայացնում նաև ինքնաթիռների համար, քանի որ վերջինիս գործարկման առավելագույն բարձրությունը 5-6 կմ է: Նոր համակարգի կիրառումը արդյունավետ է ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլ նաև ավիացիոն ոլորտում: Կարկտավտանգավոր ամպերի պատճառով թռիչքների հետաձգման դեպքում հրթիռը կարող է ցրել այդ ամպը, սակայն դրա գործարկման համար անհրաժեշտ է ներգրաված բոլոր օղակների ճշգրիտ և կապակցված աշխատանքը:

Առաջարկվող համակարգը առավել մատչելի է և արդյունավետ, որը կարող է ծառայել 15-20 տարի:

Նախարար Դ. Տոնոյանը հանձնարարեց սեղմ ժամկետում ձևավորել աշխատանքային խումբ և ներկայացնել պիլոտային ծրագրի նախնական տարբերակը՝ առաջիկա հանդիպմանը առավել հստակ քննարկելու նպատակով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...