«ԱԹՍ-ի հարվածից է ամուսինս զոհվել, բայց այդ դիրքը չեն հանձնել». Գեորգի Մինասյանի այրի

«ԱԹՍ-ի հարվածից է ամուսինս զոհվել, բայց այդ դիրքը չեն հանձնել». Գեորգի Մինասյանի այրի

168.am-ը գրում է․ Արցախում զոհված 41-ամյա մայոր Գեորգի Լյովայի Մինասյանն ունի 2 որդի՝ 13 և 6 տարեկան: Գեորգիի կինը՝ Անուշ Մինասյանը, պատմեց, որ ամուսինը սովորել և ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, երկար տարիներ այնտեղ է ծառայել, այնուհետև 2016 թվականի մարտին տեղափոխվել էր Արցախ:

«Արդեն 4.5 տարի էր, որ Քարվաճառում էր ծառայում, տեղափոխվելուց 1 ամիս հետո ապրիլյան պատերազմը սկսվեց, Թալիշում մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցել… Ինքը և իր մի քանի ծառայակից ընկերներ կամավոր էին գնացել Թալիշի կողմ, կարող էին մնալ Քարվաճառում՝ ավելի հանգիստ պայմաններում ծառայեին, բայց… Այն, որ անունը քառօրյա դրեցին՝ քառօրյա չէր, 27 օրից ավելի ինքը եղել է  Թալիշում…»,- պատմեց Անուշը:

Նրա խոսքով՝ չնայած, որ ամուսինը ծառայության մեջ էր, ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զանգում էր տուն, հետաքրքրվում բոլորով.

Գեորգի Մինասյան

«Եթե զանգեր՝ երեխաները տանը չլինեին, պարտադիր պետք է իրենց առանձին զանգեր: Գեորգին շատ հոգատար էր, լավ հայր, լավ զավակ… Բոլորի կողմից շատ սիրված էր, բոլորը շատ ափսոսում են, ով լսում է այս լուրը՝ մի ուրիշ ցավ է զգում:

Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 23:00-ին, զանգեց, ասաց՝ հեռախոսս լիցքավորի, բայց մինչև ժամը 4-ը չէինք կարողանում, քանի որ կապ չկար, փոխանցում չէր լինում անել, բայց զանգել լինում էր, զանգեց ասաց՝ ի՞նչ եղավ, շտապ է պետք, կողքից ձայներ էի լսում՝ խառնաշփոթ էր:

Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 11-ին, արդեն լուրերը նայել էի, հարցրեցի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, պատասխանեց՝ ոչ մի բան, հանգիստ եղիր, ամեն ինչ նորմալ է, ասացի՝ հանգիստ չի, ես գիտեմ, ասա, ի՞նչ է այդտեղ կատարվում, ասաց՝ բան չկա, կռիվ-կռիվ ենք խաղում, հետո կզանգեմ, ու անջատեց: Ժամը 12:30 էլ իր մամայի ու քրոջ հետ է խոսել, ու դա վերջին զանգելն է եղել…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում