Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովը և Գուլիևն արտահանձնվել են Ցականյանի ծնողների համաձայնությամբ (Տեսանյութ)

Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովը և Գուլիևն արտահանձնվել են Ցականյանի ծնողների համաձայնությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանրայնացրել է ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը:

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:

Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար»,-ասված է նախագահի գրառման մեջ։

«Նախագահն ասեց, մենք էլ չմերժեցինք: Ասացինք անպայման էդ երեխեքը պետք է հետ գան: Հաշվի ենք առել, որ մեր երեխեն են,տարբերություն չկա: Էդ թուրքն ինձ ինչ ա տալու, որ երեխեքն էնտեղ լինին, թող գան, շատանան, իրանց մոր մոտ լինեն, պսակվեն, ընտանիք ունենան»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը:

Սմբատ մայրն էլ նշել է. «Ճիշտ է, ինձ համար դժվար է, բայց մեր հայ զինվորները, իմ երեխու թայ երեխեքը վերադարձել են: Միշտ հիշեն, որ Սմբատի անունով եկել են»:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։

Հայաստան վերադարձածների թվում են նախքան պատերազմը գերեվարված հայ զինծառայողներ Արսեն Բաղդասարյանը, Արայիկ Ղազարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը, քաղաքացիական անձինք Կարեն Ղազարյանը եւ Նարեկ Սարդարյանը։