Ադրբեջանցիների արձակած կրակոցից զինծառայողի ոտքն է վնասվել

Ադրբեջանցիների արձակած կրակոցից զինծառայողի ոտքն է վնասվել

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդը, որը պարտադիր ժամկետային զինծառայող է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նա հրազենային վնասվածք է ստացել աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: