Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ իմ սիրտը հայերի հետ է. լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներ

Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ իմ սիրտը հայերի հետ է։ Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին և հայերին և հայերին համարում է շատ խելացի ազգ: Այս մասին նա ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պոզները նշել է, որ շատ է ցավում, որ վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ չի կարողացել մեկնել Լեռնային Ղարաբաղ։

Նա ընդգծել է, որ իրեն գրավում է բարդ պայմաններում ապրելու և գոյատևելու հայերի բացառիկ կարողությունը, հայերի՝ կյանքից ուրախանալու անկախ ամեն ինչից ունակությունը:

«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կգնայի, բայց չհասցրեցի։ Ես կգնայի իմ դիրքորոշումը հայտնելու, որ բոլորը, այդ թվում ՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այդ կողմում է, այլ ոչ թե՝ այն»:

Պոզները նաև կիսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորություններով:

«Ես նույնիսկ մտածում էի նրան ասել, որ չի կարելի միաժամանակ և լրագրող լինել, և վարչապետ: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, և նրա հետ հաճելի է զրուցել:

Փաշինյանն ունի լսելու ունակություն, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ։ Նիկոլ Փաշինյանը խելացի մարդ է», – ասել է Պոզները: