Ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

Ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին, այնտեղ տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներին, ինչպես նաև խոսել է սյունեցիներին հուզող անվտանգային խնդիրների մասին։

Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ` երբ երեկ հնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը Մեղրիի միջանցքի մասին, որին զուգորդվեցին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի, ՀՀ նախագահի ու վարչապետի` Սյունիք կատարած այցերը, արդյունքում սյունեցիների մոտ որոշ իրողությունների համադրության պարագայում առաջացան պատճառաբանված մտավախություններ առ այն, թե արդյոք չե՞ն ծավալվում խորքային գործընթացներ, կամ չե՞ն հակասում դրանք մեր ազգային շահերին։

«Սյունեցիների վախերն անհիմն չեն, եթե համադրենք ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայտարարվում էր, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը հավելյալ փաստաթուղթ չունի, մինչդեռ հետագայում Սյունիք այցելած տարբեր գործիչներ, այդ թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեցին, որ ավելի ուշ կազմվել է լրացուցիչ փաստաթուղթ։

Եթե հիշում եք, նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առհասարակ թույլ չտվեցին Սիսիանից առաջանալ և այցելել այլ բնակավայրեր»,– նշեց քաղաքագետը։

Պետրոսյանի խոսքով` նույն գործընթացը ծավալվել էր այն ժամանակ, երբ որոշակի դիրքեր և բնագծեր նորից անհասկանալի, չպատճառաբանված, չհիմնավորված կերպով վերադարձվեցին թշնամուն` առաջացնելով մի իրավիճակ, երբ Սյունիքում տեղաշարժվելը որոշ հատվածներում անվտանգության տեսանկյունից դարձել է խնդրահարույց։

Քաղաքագետի համոզմամբ` Մեղրիով ադրբեջանցիների տեղաշարժը հնարավոր է երկու նախապայմանով` նախ եթե համաձայնվեն, որ Նախիջևանում նույնպես տեղակայվեն ռուս խաղաղապահներ, և երկրորդ` եթե լուծվի Արցախի կարգավիճակի հարցը տեղի ազգաբնակչության կամարտահայտությամբ։

Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում