Ադրբեջանի պաշտպանության նախարարը Շուշին վերցնելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Շուշին վերցնելու մասին

Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշին վերցնելու ժամանակ քաղաքը չեն հրետակոծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ռեալ TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հանձնարարական էր տվել Շուշիում գործողություն կազմակերպելու վերաբերյալ։ Մասնավորապես, «հատուկ հանձնարարել էր հաշվի առնել այն, որ դա Ադրբեջանի մշակութային կենտրոնն է»։

 «Մենք քաղաքին հրետանային հարվածներ չէինք հասցնում, ինչը բարդություններ էր ստեղծում գործողության անցկացման ընթացքում»,-նշել է Հասանովը։

Բացի այդ, ըստ նրա, եղանակը ամպամած էր, այդ պատճառով ադրբեջանական ԶՈւ-ն չէր կարող ԱԹՍ-ներ օգտագործել: Նույնիսկ հետախուզություն վարելու հետ կապված դժվարություններ են եղել, օդանավեր և ուղղաթիռներ չեն օգտագործվել։

Հասանովը պնդում է, որ ինժեներասակրավորական զորքերը կարճ ժամանակում անհավանական աշխատանք են կատարել, նրանք ճանապարհ են հարթել, որը «շոկի մեջ է գցել հայերին»։

«Հայկական ԶՈՒ-ն մեզ այլ ուղղությամբ էր սպասում, և իրենց ուժերն այնտեղ էին կենտրոնացրել»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ Հասանովի, գործողությունն իրականացրել են հետախուզական ստորաբաժանումները և հատուկ նշանակության էլիտար զորքերը: