ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու քարոզով զբաղված անձանցով

ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու քարոզով զբաղված անձանցով

1in.am-ը գրում է․ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, փաստաբան Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է լրջորեն զբաղվի Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու քարոզով զբաղված անձանցով։

Նշենք, որ վերջին օրերին մարդ-կուսակցությունների որոշ ղեկավարներ ակցիաներ են իրականացնում՝ պնդելով, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։

Խալաթյանի խոսքերով՝ իրականում այդ արարքը ինչ-որ առումով նաև սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություն է, որը պատկան մարմինների կողմից պետք է քննության առարկա դառնա։ «Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու կոչի իրագործումը սահմանադրական կարգի տապալում է ենթադրում։

Սահմանադրական կարգի հիմունքները վերտառությամբ ՀՀ Սահմանադրության առաջին գլխում կա անփոփոխ առաջին հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխանությունը ենթադրում է արտաքին անկախություն, արտաքին առումով լինել անկախ, ինքնուրույն պետություն, այլ ոչ թե ինչ-որ երկրի մաս։

Եվ եթե կան քաղաքական ուժեր, կան անհատներ, որոնք անթաքույց քարոզում են Հայաստանի անկախության չեզոքացումը, Հայաստանի ինքնիշխանության չեզոքացումը, ապա փաստացի նրանք քարոզում են սահմանադրական կարգի, ինչու չէ՝ բռնությամբ տապալում, որովհետև անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը կարող է կամավորապես իր համաձայնությունը տալ սեփական ինքնիշխանության չեզոքացմանը և ուրիշ երկրի լծի տակ հայտնվելուն։

Հետևաբար՝ նման անձանց արարքը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում»,-ընդգծեց Խալաթյանը։

Փաստաբանի խոսքերով՝ նման անձանց վարքագիծը ինչպես կարող է լինել ինքնաբուխ, այդպես էլ կարող է պայմանավորված լինել համապատասխան քարոզիչների՝ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապերով, որը արդեն իր մեջ պետական դավաճանության տարրեր է պարունակում։ «Որոշակի աղբյուրներից սնվող և խիստ որոշակի աշխարհաքաղաքական ուղղվածություն ունեցող անձինք բավականին երկար ժամանակ, անգամ պատերազմից առաջ տանում են այդ քարոզը, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։

Մեկն ասում է, որ ընդհանուր պետություն պետք է ստեղծվի, մյուսն ասում է՝ համադաշնության ձևով պետք է լինի։ Անգամ քաղաքական գործիչ կա, որը 10 տարի առաջ հոդված էր հրապարակել, որտեղ ասում է, որ Հայաստանը պետք է դառնա կոնֆեդերացիայի անդամ Ռուսաստանի հետ։

Այսինքն՝ սա բավականին վաղուց սկսված գործընթաց է, որը հատկապես 2020 թվականին աշխուժացավ։ Սա հստակ գործի դրված մեխանիզմի մի մաս է, որի բաղադրիչներից է հասարակության մոտ իշխանության փնովումը, բանակի դելեգիտիմացումը, պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության բորբոքում։

Եվ բնական է, որ այդ հակապետական գործունեության արդյունքում կհայտնվեն գործիչներ, որոնք կասեն, որ եթե ՀՀ պետական ինստիտուտները բանի պետք չեն և պետք է մտնել այլ պետության կազմ։ Այսինքն՝ սա մի կազմակերպված դավադրություն է, որով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»,-նկատեց Խալաթյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում