Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը ՀՀ վարչապետին խնդրում է ներել և որդուն վերադարձնել ընտանիքին
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը և վարչապետին: Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված հարցազրույցում Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆան, նշել է, որ տղան պատահաբար է հատել սահմանը: «Տղաս սահմանը հատելու մտադրություն չի ունեցել:
Այստեղ ընկերներ չունի, որովհետև դաշտում ենք, գյուղում ենք, մոր հետ անասուններին էր արածեցնում, իսկ այդ տարածքում սահմանը բաժանող որևէ գիծ չկա: Ինքն էլ չի հասկացել, որ Հայաստանի սահմանն անցել է: Իրեն հետաքրքիր էր, թե մի քիչ հեռվում ինչ կա, և քայլելով բլուրն է բարձրացել վերևից նայելու համար»,-ասել է Մուստաֆան:
Հուլիսի 24-ին Հայաստանում հայտնված 16-ամյա թուրք հովվին ձերբակալել են ռուս սահմանապահները: Ումութ Օզմենը մինչ օրս Հայաստանում է: «Բլուրը հենց բարձրացել է, զինվորները մեքենայով եկել բռնել են: Տղաս ոչ մի սխալ բան չի անի, քանի որ քոլեջում բազմաթիվ պատվոգրեր ունի, հարգանքով է բոլորի նկատմամբ , բայց մեկ է բռնել տարել են:
Հիմա դպրոցները բացվել են, բոլորի երեխաները գնում են դպրոց, սակայն իմ տղան դեռ չի գնում: Մայրն էլ ամեն առավոտ տեսնում է դպրոց հաճախող երեխաներին ու տխրում լաց լինում»,-նշել է նա: Թուրք գյուղացին տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը:
«Հայաստանի կառավարությանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին՝ դպրոց, քոլեջ: Իր մայրը աղաչում է, որ օգնեք հետ վերադարձնեն մեր տղային: Այս անհանգիստ վիճակից նա առողջապես վատ վիճակում է»,-նշել է տղայի հայրը:
Մուստաֆա Օզմենի խոսքով, տղային տուն վերադարձնելը իրենց ընտանիքի երազանքն է: Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է 16-ամյա տղային: Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, թե Օզմենի պահման պայմանները անբավարար են:
«Երեխա է, ով պատահականությամբ սահմանը խախտել էր: Հանդիպեցի նրան, տեղի ունեցավ խոսակցություն, ջերմություն զգաց, զանգահարել էր ծնողներին ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է Արագած Ախոյանը: Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ խոսել համապատասխան պաշտոնյաների հետ տղայի ճակատագրի հարցով: