Մամուլ

Ոնց կարող ես որդի կորցրած մորն ասել՝ մոռացել ես նրան. որդեկորույս ծնողներ

Ոնց կարող ես որդի կորցրած մորն ասել՝ մոռացել ես նրան. որդեկորույս ծնողներ

Armtimes.com-ը գրում է․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել:

Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների:

Արևիկ Միքայելյանը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է իր երկու զավակներին, նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը մասնակցելուց հետո ինքը ևս քննադատությունների թիրախում է: Ստանում է անձնական նամակներ, որտեղ իրեն կշտամբում կամ վիրավորում են:

«Ովքեր ինձ գրում և մեղադրում են, առաջին հերթին իրենք չեն հարգում մեզ: Միջոցառումն ուշադրություն էր մեր հանդեպ: Տիկինը ցանկանում էր ուղղակի մեր վիշտը կիսել մեզ հետ, բայց չհասկացանք, թե ինչո՞ւ քննադատվեցինք, ինչո՞ւ մոռացան մեր երեխեքին»,- ասաց որդեկորույս մայրը:

Երկու որդիներին կորցրած մոր խոսքերով՝ միջոցառման նպատակն այն է եղել, որ զավակ կորցրածները զգան՝ իրենք միայնակ չեն: Նա նաև նշեց՝ միջոցառմանը ոչ մի պահ ծնողները չեն մոռացել իրենց որդիներին:

anna hakobyan zohvacneri mayrer

«Ես իմ երկու տղաներին եմ կորցրել, բայց այսքան չեմ չարացել, ինչպես այդ մեկնաբանություններ գրող անձինք: Ո՛չ նվեր ենք ստացել, ո՛չ գումար: Միայն ինձ են ծաղկեփունջ նվիրել՝ որպես հղի կնոջ: Բոլոր սևազգեստ մայրերը լալիս էին միջոցառման ընթացքում:

Մեր տղաներին էինք հիշում, պատմում իրենց մասին: Մեր ցավն ենք փորձել կիսել: Իսկ այսօր լսում ենք, թե մեր երեխաներին փոխել ենք ինչ-որ միջոցառման համար: Որդի կորցնողները չչարացան, բայց մարդիկ շատ չարացան»,- հուզված ասում է տղաներին կորցրած մայրը:

Տիկին Արևիկի խոսքով՝ մարդիկ գոնե մեծարեն իրենց զավակներին, խոսեն նրանց հերոսությունների ու սխրանքների մասին, անհիմն քննադատում ու վարկաբեկում են նրանց ծնողներին:

«Մեր տղաների մահից հետո ոչ ոք մեր դուռը չի բացել, չի հարցրել՝ մնացել եք միայնակ, տիկին Արևիկ, ձեր տան ճրագները մարել են, ո՞նց ենք լույս գտնում: Ոչ ոք այդ քննադատողներից ինձ կամ մյուսներին չեն այցելել:

Մեր սեղանին նստած 12 ծնողներով չկարողացանք անգամ մի կտոր հաց ուտել, մեզ համար շատ դժվար է առանց մեր տղաների: Իրենք չեն պատկերացնում մեր ցավը: Ո՞նց կարող ես զավակ կորցրած մորն ասել՝ որդուդ մոռացել ես»:

Միջոցառման ընթացքում մայրերը նաև չեն պարել, ասում է մայրը, իսկ լուսանկարներում երևացող կանայք, որոնք պարում են, կազմակերպիչներն են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով