Շոու-բիզնես

Նա փոխեց իմ ամբողջ կյանքը, ամեն բան հիմա նրա շուրջ է պտտվում. Ելենա Վարդանյան

«Եթե Աստված կամենա, շատ կցանկանամ երկրորդ երեխան էլ ունենալ: Դա այնքան մեծ երջանկություն է, որ ես հաճույքով կրկին կմայրանայի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ» հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանը, ում առաջնեկը՝ Ալեքսանդրը, լույս աշխարհ է եկել այս տարվա փետրվարին:

Ի դեպ, Ելենան որդու ծնունդից հետո ոչ միայն բավական արագ վերականգնեց իր գեղեցիկ կառուցվածքը, այլեւ վերադարձավ աշխատանքի: Ապրիլի 21-ին Ռուսական դրամատիկական թատրոնում նա «Մորգանի խնամին» ներկայացման մեջ կխաղա գլխավոր դերը՝ Նատաշա: Հարցին, թե արդյո՞ք «Դոմինո» սիթքոմում նկարահանված դերասանուհուն կրկին կտեսնենք էկրաններին, վերջինս պատասխանեց. «Քանի որ հիմա զբաղված եմ երեխայի խնամքով, աշխատում եմ թատրոնում, վարում եմ կոորպորատիվ միջոցառումներ, էկրանային գործունեության համար ժամանակ չի մնում: Բայց եթե լինի հետաքրքիր առաջարկ, գուցե մտածեմ այդ ուղղությամբ»:

Elena

Ելենան խոստովանեց, որ մայրանալուց հետո իր կյանքի կենտրոնը դարձել է զավակը. «Նա փոխեց իմ ամբողջ կյանքը, ամեն բան հիմա նրա շուրջ է պտտվում»,-ասաց մեր զրուցակիցը: Նա պատմեց, որ երեխայի խնամքի հարցում իրեն օգնում են ծնողները, քույրը, այդ պատճառով էլ դերասանուհին կարողացել է արագ վերադառնալ նախկին հունին. «Ամեն կին ինքը պետք է որոշի՝ կկարողանա՞ համատեղել գործնականն ու անձնականը, թե՞ ոչ: Կան կանայք, որոնք նույնիսկ աշխատելու հնարավորության դեպքում նախընտրում են մնալ տանը, երկար ժամանակ խնամել փոքրիկին եւ չաշխատել: Բայց ես սիրում եմ համատեղել, քանի որ աշխատանքը եւս իմ կյանքի մի մասն է, ես առանց դրա եւս չեմ կարող ապրել: Իհարկե, իմ ժամանակի հսկայական մասը երեխայինս է, բայց այս ամենի արդյունքում ես չեմ կորցնի նաեւ իմ անձը»,-եզրափակեց Ելենան:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվեք էջում