MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:

 

Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:

 

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ` գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:

 

Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

 

Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

 

Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը:

Նյութի սկզբնաղբյուր` minagro.am