Մամուլ

H1N1-ը՝ «Խոզի գրիպը» Հայաստան էլ է եկել, բայց դարձել է սովորական գրիպ «Առավոտ»

Հարեւան Վրաստանում տարածված գրիպի պատճառով արդեն տասից ավելի մարդ է մահացել, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում են: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, նրանց մահվան պատճառը H1N1 վարակն է, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ»:

«Խոզի գրիպը» Հայաստան էլ է եկել եւ սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ տեղափոխված տասնյակ քաղաքացիների մոտ էլ հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները: Սակայն, ինչպես մասնագետներն են նշում, «Խոզի գրիպ»-ն իրենից այնպիսի սպառնալիք չի ներկայացնում, ինչպես տարիներ առաջ էր, եւ շրջանառվելով, դարձել է սովորական գրիպ:

Այդուհանդերձ, մեր հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակների պատճառով էլ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա: Ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում հատկապես մանկական հիվանդանոցները: Օրվա որոշակի ժամերի մանկական հիվանդանոցները տեղ չեն ունենում նոր եկած երեխաներին հոսպիտալացնելու: Ծնողները երեխաները ձեռքին ընդունարաններում սպասում են այնքան ժամանակ՝ մինչեւ որ տվյալ բուժհիմնարկում ազատ տեղ է բացվում: Առաջին բուժօգնությունը, սակայն, երեխաները պարտադիր ստանում են:

H1N1 Խոզի գրիպ

Այս մասին Aravot-ի հետ զրույցում հավաստեցին մանկական հիվանդանոցների պատասխանատուները: «Արաբկիր» բժշկական կենտրոնը երեկ էլ, այսօր էլ առավոտից արդեն մի քանի տասնյակ երեխաներ է ընդունել: Այսօր օրվա երկրորդ կեսից արդեն հիվանդանոցում տեղեր էին բացվել եւ հիվանդանոցը կարող էր կրկին գրիպի ախտանիշներով երեխաներին, որոնք ունեին հիվանդանոցային բուժօգնության կարիք, ընդունել:

Մեր հարցին, թե սուր շնչառական գանգատներով երեխա ընդունո՞ւմ եք, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ընդունարանից ի պատասխան՝ ասացին՝ «շատ ծանրաբեռնված ենք, բայց, իհարկե, ընդունում ենք, եթե բերեք, երեխան հաստատ դուրս չի մնա»: «Մուրացան» հիվանդանոցից էլ հայտնեցին՝ տեղերը սահմանափակ են, բայց ընդունում ենք:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հորդորեցին երեխային բերել, որպեսզի բժիշկները հետազոտեն եւ եթե կարիք լինի՝ կպառկեցնեն: Aravot.am-ի հարցին, թե քանի մարդու մոտ է ախտորոշվել H1N1 վարակը, առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ գրիպի նկատմամբ հետազոտությունները չեն հետապնդում դիագնոստիկ նպատակ. «Միջազգային մոտեցումն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն պարզի սեզոնի ընթացքում շրջանառվող վիրուսը: Այս տարի գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակներն են եւ ըստ դրա բուժում է իրականացվում»:

Ավելի մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով