845 ավտոբուս, 101 տրոլեյբուս, ներկայացվել է Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծը

Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը։ Տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը։ Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս ։

Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ նոր ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ ցանցի ներդրման շնորհիվ Երևանը վերջապես կունենա քաղաքի բնակիչներին վայել փոխադրական համակարգ: 

Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթևացնի սակագնային բեռը: Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: 

«Տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակության տարր է մեզ համար, ուստի, այս պահին ավելի հակված ենք ծրագիրը 100 տոկոսով իրականացնել համայնքային եւ պետական ուժերով և հետո հասկանալ, թե դրա որ մասը կարելի է պատվիրակել մասնավոր հատվածին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել WYG ընկերությանը համագործակցության և Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման մասնագիտական խմբին՝ կատարած աշխատանքի համար:

«Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երևան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ասել է Հայկ Մարությանը: