3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում

3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Դիակի հայտնաբերման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «06»-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։