2019-ին ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կկրճատվի 38.5%-ով, Airbus օդանավը հանվել է աշխատակազմի հաշվեկշռից

2019 թվականի համար ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրել է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջետային հայտ, որը կազմում է 2018 թվականի բյուջեի 61,5%-ը: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։

Նա հայտնեց, որ նվազեցումներ են եղել աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար 532 մլն դրամով ավելի նվազ գումար են պլանավորել։

«Բացի այդ, ունենք 36 մլն նվազեցում էներգետիկ ծառայությունների մասով, տրանսպորտային նյութերի մասով՝ ավտոմեքենաների կրճատում և այլն ունենք մոտ 10 մլնի չափով նվազում։ Ավելացում 5 մլն դրամով ունենք միայն մասնագիտական ծառայությունների հոդվածով, որը նախատեսել ենք աշխատակազմի վերապատրաստման համար: Բացի այդ, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին սպասարկող Airbus օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը ևս նվազել է»,- ասաց Տարասյանը:

ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ քանի որ նախագահի լիազորությունները կրճատվել են, բյուջեի կրճատումը բնական է: