2017 թ. սպասվող գարնանային վարարումները

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է ՀՀ գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը

Գարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից է, որը ձևավորվում է ձնհալքային, անձրևային և ստորերկրյա ջրերից և այդ պատճառով սովորաբար ունի խառը սնում: Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն: Գարնանային վարարումների ընթացքում հանրապետության գետերով անցնում է տարեկան հոսքի ընդհանուր ծավալի 30-90%-ը, որի արժեքը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ:

Գարնանային վարարումները սկսվում են հիմնականում մարտի երրորդ-ապրիլի առաջին տասնօրյակներում: ՀՀ գետերի մեծ մասում առավելագույն ելքերը դիտվում են գարնանային վարարումների ընթացքում և հաճախ ափամերձ տարածքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների և գյուղատնտեսական հանդակների հեղեղման պատճառ դառնում:

Գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորվում են նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով:

Այս տարի սպասվող գարնանային վարարումների հիդրոօդերևութաբանական բնութագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)

Կիսվիր ընկերներիդ հետ