ԺամանցՄամուլ

18 հարց՝ անցած 2018-ի մասին. Արփինե Հովհաննիսյան

18 հարց՝ անցած 2018-ի մասին. Արփինե Հովհաննիսյան

-Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

-Հայաստանում, Երեւանում, ընտանիքիս հետ։

-Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Թիվ կդժվարանամ նշել, որովհետեւ բարդ է պրոցեսում ասել՝ ինչքան գումար կծախսվի, բայց, համենայնդեպս, մեզ համար, ընտանիքիս համար դա շքեղության ու ճոխության ցուցադրական երեկո չէ, պարզապես ինչպես բոլոր հայ ընտանիքներում ավանդական ուտեստներ, որպեսզի տոնական միջավայրն ու տրամադրությունը ապահովված լինեն։

-Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

-2018 թվականը, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, այլ նաեւ քաղաքական դաշտի շատ դերակատարների համար բավական բարդ տարի է եղել։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս տարին հավատաքննության, ոգու փորձության տարի էր թե՛ ինձ համար, թե՛ ինձ շրջապատող մարդկանց համար։ Ամենամեծ ձեռքբերումը անձնապես ինձ համար իմ խորին համոզմամբ` (հուսով եմ՝ դա կհամընկնի ինձ շրջապատող մարդկանց տեսակետի հետ), այն սկզբունքներին հավատարիմ մնալն է, որոնք ես դավանել եմ, եւ արագ հարմարվելու ունակություն չցուցաբերելը, որովհետեւ դա ոչ թե ճկունություն է, այլ կոմֆորմիզմ, իսկ ես դրան երբեւէ կողմնակից չեմ եղել, այս ժամանակահատվածի ընթացքում պայքարի ընկերներ ձեռք բերելը: Անչափ կարեւոր է, երբ դժվարության մեջ ես մարդկանց ճանաչում, այս տեսանկյունից իմ ընկերները ինձ համար ձեռքբերում են եղել։

-2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

-Թերեւս էլի փոխկապակցեմ տարվա մթնոլորտի ու իրադարձությունների հետ։ Երեւի թե չհասկացված եմ եղել, որոշ դեպքերում գուցե շատ ավելի շատ չհասկացված եմ եղել, բայց, կարծում եմ, հաշվի առնելով, որ 2019 թվականը իմ տարին է, ես կփորձեմ այդ բացը լրացնել եւ ավելի հասկացված լինել հանրության համար։ 

-Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

-Հատկապես 2019 թվականի համար օրիգինալ չեմ լինի, բայց շատ խորը գիտակցմամբ եմ հիմա այդ բառերն արտաբերում՝ խաղաղություն։ Աստված պահի մեր ժողովրդին։

– Եթե հայ քաղաքական դաշտի տղամարդկանցից Ձմեռ պապ ընտրեիք, ո՞ւմկընտրեիք։

-Դժվար հարց է։ Ակնկալիքներդ Ձմեռ պապուց ավելի անձնավորված են լինում, դրա համար եկեք տոնը չքաղաքականացնեմ, քաղաքական դաշտն էլ չտոնականացնեմ։ Այնպես որ, եկեք խուսափեմ անուններից, բայց Ձմեռ պապի դերակատարում, իհարկե, իրենց հատկանիշներով իմ ընկերներից շատերն էլ կարող էին ստանձնել, բայց անուններ չեմ տա։ 

-2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

-Կարդալու համար միշտ ժամանակ փորձում եմ գտնել, բավական բարդ է հատկապես ներքաղաքական թեժ շրջանում, բայց երկու գիրք կառանձնացնեի՝ մեկը՝ Դոմինիկ Մոիզի «Հույզերի աշխարհաքաղաքականությունը»՝ չափազանց հետաքրքիր գիրք, որը երեք հիմնական  հույզի՝ վախի, հույսի եւ նվաստացման միջոցով փորձում է բացատրել ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մյուսը՝ Ռոբերտ Կապլանի «Աշխարհագրության վրեժխնդրությունը»՝  կրկին չափազանց հետաքրքիր բացատրություններ ամբողջ աշխարհագրության դերակատարության եւ աշխարհաքաղաքական դասավորությունների առումով։ Իսկ եթե բանաստեղծություն առանձնացնեի, որը ինձ ուղեկցել է այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, Քիփլինգի «Եթե»-ն է։

-2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

-Ես երեւի կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր ֆիլմեր շատ են սիրում, ես շատ քիչ եմ ֆիլմ դիտում, բայց սկսել եմ դիտել քաղաքական համատեսքտ ունեցող «The Crown» սերիալը, մնացածը կզգացվի ընթացքում, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ինձ վրա տպավորություն տեսանկյունից, այս պահի դրությամբ հետաքրքիր է։ 

-2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

-Եթե հարցնեք 2017-ին կամ 2016–ին տպավորած երգը, ես թվականներով չեմ հիշի, ես ավելի հեշտությամբ կհիշեմ երգ, որը ես տարվա ընթացքում անընդհատ եմ լսում, ժամանակ առ ժամանակ՝ Deep Purple-ի Soldier Of Fortune–ը, ես չափազանց շատ եմ սիրում այս երգը եւ հաճախ եմ այն լսում։

-Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

-Եթե ասեմ, էլ չեմ զարմացնի։ Դրա համար սպասեք, եւ 2019 թվականին, կարծում եմ, Ձեզ կհետաքրքրի Արփինե Հովհաննիսյանը տարբեր կարգավիճակներում։

– Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ոչայդքան։

-Ամանորյա ավանդույթների մեջ իհարկե առանձնանում է այդ փոխադարձ շնորհավորանքների եւ իրար տուն գնալու գործընթացը, որը ես երբեք սիրով չեմ արել, դրա պատճառն այն է, որ, անկեղծ ասած, շատ մրսկան եմ, եթե դրսում ձյուն է, դա գրեթե անհնար գործ է։ Չեմ սիրում նաեւ երբ դա դառնում է իրար  տուն գնալու եւ շնորհավորելու մարաթոն, պարտականության նման մի բան, այդ հատվածը չեմ սիրում, բայց զուտ տոնականության տեսանկյունից, մտերիմների հետ շփվելու, տարվա ընթացքում բացը լրացնելու, ջերմ խոսքեր ասելու տեսանկյունից սիրում եմ։

– Ամանորի գիշերը որերո՞րդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորումկուսակցության ղեկավարին։

-Կուսակցության ղեկավարին, հաշվի առնելով, իհարկե, տարիների պաշտոնական բնույթը, եղել է բացիկ, իսկ սովորաբար անձնական շնորհավորանքը հունվարի 1-ին։

– Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիքեւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

-Եթե անկեղծ, դժվար է, իհարկե, ընտրություն անել Սյունյաց լեռների ու Լոռվա ձորերի, Սեւանի միջեւ, բայց, հավանաբար, Արագած լեռը կարելի էր ցույց տալ՝ Լուսավորիչի կանթեղի լեգենդն էլ հաշվի առնելով։

– Մեկը հին իրերն է նետում, մյուսը՝ լույսերը միացնում կամ դռները բաց թողնում. ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

– Երբ 12-ի զանգերն են ղողանջում, պարտադիր մայրիկիս հետ գինիով կամ այլ խմիչքով սիմվոլիկ շնորհավորում ենք իրար սեղանի շուրջ, նույնիսկ սեղանի շուրջ նստելու կոնկրետ տեղ ունենք, որտեղ ինքն է նստում, որտեղ՝ ես։

– Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

-Դա կախված է նրանից, թե ինչքան հյուրեր ենք ունենում, կախված է, թե քույրս ինչ հաճախականությամբ է խոզի բուդ ուտելու ցանկություն հայտնում, որովհետեւ ինքն է շատ սիրում ու միշտ ասում է՝ մամայի սարքած խոզի բուդը ես շատ եմ սիրում: Հիմա ինքն իր ամուսնու հետ է դիմավորելու, այդ տեսանկյունից մի քիչ պակասել է հնարավոր հյուրասիրվողների քանակը, այնպես որ գուցե հունվարի 2-ի փոխարեն հունվարի 3-ին վերջանա։  

-Ձեր ամենասիրած խմիչքը։

-Առհասարակ կարող եմ ասել՝ ոգելից ալկոհոլային խմիչքներ չեմ օգտագործում, հազվադեպ սիմվոլիկ՝ ծննդյան օր, Ամանորին կամ շնորհավորելու համար սպիտակ գինի կամ շատ թույլ լիկյորային խմիչքներ։

-Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

-Դա ինձ չի սպառնում, որովհետեւ ալկոհոլ գրեթե չեմ օգտագործում, այնպես որ կարծես թե չեմ հայտնվի։

-2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

-Գիտեք՝ ամբողջ հարցազրույցը բարի եւ ոչ քաղաքական տոնայնությամբ էր, հիմա այդ անեկդոտը, որ պատմեմ, իսկ այն քաղաքական է, կապված է երիտասարդ նշանակումների հետ, որ ծնողներն իրենց հետեւից են գալիս: Դրա համար ավելի լավ է շատ մանրամասն այդ անեկդոտը չպատմեմ, կքաղաքականացնեն, մարդիկ էլ դրա մեջ անպայման քաղաքական բան կգտնեն եւ ինձ անարգանքի սյունին կգամեն։

Աղբյուր՝ News.am

Կիսվել նյութով